Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեղրատու բույսեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
20130530Hopfenklee Altlussheim1.jpg

Մեղրատու են այն ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում։ Հայաստանի Հանրապետությունում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը։

Նեկտարը քաղցրահամ հեղուկ է, որն արտադրվում է հիմնականում ծաղկի խորքում։ Նեկտարը պարունակում է եղեգնաշաքար, խաղողաշաքար, պտղաշաքար, քիչ քանակությամբ՝ սպիրտներ, հոտավետ ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ և այլն։

Որոշ մեղրատու բույսեր, օրինակ՝ բարդին, բալենին, բացի նեկտարից, արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում։ Նեկտարարտադրություն և մեղուների կողմից նեկտար հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին։

Ծառատեսակներից լավագույն մեղրատուներ են խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին, լորենին, դաշտային թխկին, սպիտակ ու դեղին ակացիաները, հատապտուղներից՝ հաղարջենին, կոկռոշենին, ազնվամորին, խոտաբույսերից՝ հնդկացորենը, արևածաղիկը, համեմը, մանանեխը, կորնգանը, երեքնուկը, առվույտը և այլն։ Որոշ խոլորձների 1 ծաղիկն արտադրում է մոտ 30 գ նեկտար, իսկ սովորական լորենունը՝ 0,5-7,5 մգ։

Անտառային մեղրատուներից են նեղտերևին, խլածաղիկը, գետնաբաղեղը, թոքախոտը, խմին և այլն։ Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը։ Մեղրատու բույսերը տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում։ Որոշ մեղրատու բույսեր նաև մշակովի են։