Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մայր ցամաքներ և Աշխարհամասեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pangea animation 03.gif

Եթե դուք կարողանայիք մի քանի հազար կիլոմետր բարձրությունից դիտել Երկիրը, ապա կտեսնեիք, որ նրա մեծ մասը ծածկված է օվկիանոսներով և ծովերով: Դրանք միացած են իրար և բոլորը միասին կազմում են միասնական Համաշխարհային օվկիանոսը: Ջրային այդ վիթխարի տարածության մեջ կան ցամաքի հատվածներ, որոնց անվանում են մայր ցամաքներ:

Երկրագնդի վրա կա վեց մայր ցամաք: Ամենամեծը Եվրասիան է։ Ըստ տարածքի չափերի երկրորդ մայր ցամաքը Աֆրիկան է: Նրա ափերը ողողում են երկու օվկիանոսներ` Հնդկականն ու Ատլանտյանը։ Երկու մայր ցամաքներ` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի նեղ պարանոցով: Անտարկտիդան հինգերորդ մայր ցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և երկրագնդի միակ մայր ցամաքն է, ուր մշտական բնակիչներ չկան: Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է, որը գտնվում է Հարավային կիսագնդում: Մայրցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը և Ավստրալիան կազմել են մեկ մայրցամաք` Գոնդվանան։ Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է մի քանի մասի: Այդպես են առաջացել ներկայիս մայրցամաքները։ Մեր ժամանակներում էլ են մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում: Օրինակ, աստիճանաբար միմյանցից ավելի ու ավելի են հեռանում Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:

Դեռևս հին ժամանակներից երկրագնդի ցամաքը բաժանում են ոչ միայն մայրցամաքների, այլև` աշխարհամասերի: Աշխարամասերը նույնպես վեցն են` Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս` Ամերիկան, իսկ մայրցամաքներից մեկում` Եվրասիայում, գտնվում են երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը և այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Ուրալյան լեռներում այնտեղ, ուր անցնում է Եվրոպայի և Ասիայի միջև պայմանական սահմանագիծը, կանգնեցված են մի քանի կոթողներ։ Եվ պատահում է այնպես, որ այդ կոթողների մոտ լուսանկարվելու պատրաստվող զբոսաշրջիկները մի ոտքով կանգնած են լինում Եվրոպայում, մյուսով` Ասիայում: Ինչպես են առաջացել աշխարհամասերի անվանումները։ Եվրոպացիները հայտնագործելով նոր երկրներ` դրանք կոչում էին այս կամ այն կերպ: Հին հույներն օրինակ, զանազանում էին միայն երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան։ Հունաստանից արևմուտք գտնվող տարածքը նրանք անվանեցին Եվրոպա, իսկ դեպի արևելք ընկածը` Ասիա։ Երբ հին հռոմեացիները նվաճեցին Միջերկրական ծովի հարավային ափերը, մեջտեղ եկավ երրորդ աշխարհամասի անվանումը Աֆրիկա։ 15-րդ դարի վերջին – 16-րդ դարի սկզբին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց Ամերիկան։ 17-րդ դարում հոլանդացի ծովագնացները հայտնագործեցին հինգերորդ աշխարհամասը «Բերրա Աուսթրալիս Ինքոգնիթա»–ն («Անհայտ Հարավային Երկիր»): Ավստրալիան 19-րդ դարի սկզբին Անտարկտիդայի (այսինքն՝ «Արկտիկայի դեմ հանդիման ընկած երկրի») ափերին առաջինը հասան ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Պ. Լազարևի նավերը։ Այսպես հայտնագործվեց վեցերորդ աշխարհամասը։