Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկիր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Երկիր մոլորակը

Երկիրն Արեգակնային համակարգի մոլորակներից է։ Այն Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծով` նրանից 149 600 000 կմ հեռավորության վրա։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է մեկ լրիվ պտույտ, անվանում են տարի: Իսկ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը, կոչվում է օր։ Տարին ունի մոտավորապես 365 ու 1/4 օր։ Երկրի տրամագիծը մոտ 1 2 756 կմ է, իսկ հասարակածի երկարությունը` մոտ 40 000 կմ։ Բևեռների մոտ երկրագունդը թեթևակի սեղմված է։ Բևեռներ են անվանում Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է նրա երևակայական առանցքը և որի շուրջը պտտվում է Երկիրը (այդ մասին կարդացեք նաև «Երկրի բևեռներ» զրույցում)։ Այդ առանցքը Երկրի ուղեծրի հարթության հետ կազմում է մոտ 66 աստիճանի անկյուն։ Երկրի առանցքի այդ թեքվածության շնորհիվ է, որ Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելիս Երկիրը տարբեր չափով է լուսավորվում նրա ճառագայթներով։ Այդ պատճառով է, որ Երկրի վրա տարվա եղանակները փոխարինում են միմյանց. գարնանը հաջորդում է ամառը, ապա` աշունն ու ձմեռը։ Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, և բազմաթիվ արհեստական արբանյակներ։ Երկրի արտաքին պինդ շերտը կոչվում է երկրակեղև։ Նրա հաստությունը ցամաքում 30-ից մինչև 70 կմ է, օվկիանոսների հատակին՝ ընդամենը 5-10 կմ։ Երկրակեղևի տակ, մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է մանթիան, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է։ Որքան ավելի խորն են դասավորված ապարները, այնքան ավելի ամուր են ու տաք։ Գիտնականները ենթադրում են, որ մանթիան կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից։ Երկրակեղևը և վերին մանթիան միասին այլ կերպ անվանում են լիթոսֆերա՝ քարե պատյան։ Իսկ օվկիանոսները և ծովերը, լճերը, գետերն ու ստորգետնյա ջրերը գոյացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը։ Երկրի օդային թաղանթն անվանում են մթնոլորտ։ Այն կազմված է, հիմնականում, ազոտից (78 %) և թթվածնից (21 %): Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը, նրա «կենդանի» պատյանը։ Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է երկար, միլիարդավոր տարիներ տևած զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի, հետևանքով։ Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում։ Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին սնունդ են մարդու համար։ Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնելու, լրացնելու իր իսկ վերցրածը։ Անհրաժեշտ է մեզ շրջապատող միջավայրը՝ օդը, ջուրը, հողը պահպանել աղտոտվելուց։ Մեր երկրում շատ բան է արվում դրա համար։ Շրջապատող միջավայրի պահպանության վերաբերյալ մենք համաձայնագրեր ենք կնքում նաև այլ երկրների հետ։

Փայլածու Վեներա Երկիր Հրատ Լուսնթագ Երևակ Ուրան Նեպտուն