Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անտարկտիդա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Անտարկտիդան աշխարհի քարտեզին

Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայրցամաքներից մեկն է։ Գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է։ Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա։ Անտարկտիդան հայտնագործել են ռուս ծովագնացներ Ֆ․ Ֆ․ Բելլինսգաուզենը և Մ․ Պ․ Լազարևը, 1820 թվականին։ Փոթորիկներն ու սառցապատնեշները ճեղքելով՝ մեծ դժվարությամբ այնտեղ հասան նրանց «Վոստոկ» և «Միոնի» առագաստանավերը։

Երկրի վրա մարդու հայտնվելուց դեռևս միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային անտառներ, թափառում ահռելի կենդանիներ։ Բայց Անտարկտիդան հյուսիսային երկրներից ավելի վաղ սառցապատվեց․ այն ծածկված է հնագույն սառցավահանով։ Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ երկաթի հանքաքարով, ոսկով, ալմաստներով, գունավոր մետաղներով, քարածխով։

Անտարկտիդայում սառույցներից տեղ-տեղ դուրս են ցցվում մամուռի ու քարաքոսի նոսր շերտերով ծածկված սև ու շագանակագույն բլուրներ։

Մի տեղ գիտնականները հայտնաբերեցին լիճ, որի սառույցը ճաքճքված էր ու թափանցիկ երկու մետր խորությամբ երևում էր կանաչավուն հատակը։

Մյուս լիճը սառած չէր և ջուրն էլ տաք էր 11 աստիճանի։ Մի գիտնական նույնիսկ լողացավ։

Լճերում հայտնաբերվել են դարչնագույն կարմիր, կապտականաչավուն շատ մանր ջրիմուռներ, որոնք ջրին յուրահատուկ վառ գույն են տալիս։

Անտարկտիդայի հյուսիս-արևմուտքում Գրեյամի երկրում հանդիպում են խոտեր, ծաղիկներ։

Նշանակում է նույնիսկ Անտարկտիդայի սառցե թագավորությունում կյանք կա։ Ծովափին ապրում են զվարճալի թռչուններ, պինգվիններ։ Ափամերձ ջրերում լողում են կետեր, կաշալոտներ, դելֆիններ, մի քանի տեսակի փոկեր, որոնց թվում՝ այսպես կոչված ծովափղեր, ծովալուսաններ։

Անտարկտիդան՝ մեր մոլորակի ամենից քիչ ուսումնասիրված մայրցամաքը, լայնորեն սկսվեց հետազոտվել 1957-1958 թվականներին։ Աշխարհի տասներկու պետություններ պայմանավորվեցին համատեղ ուսումնասիրել մայրցամաքը։ Տարբեր ազգությունների հարյուրավոր գիտնականներ Անտարկտիդայի տարբեր մասերում բազմապիսի դիտումներ կատարեցին։

Անտարկտիդայում շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ 90 աստիճանի ցուրտ է լինում։

Գիտնականներն ապրում են լավ տաքացվող տնակներում, իսկ սառնամանիքին աշխատում են էլեկտրաջեռակներով տաքացվող հագուստով և պաշտպանական դիմակով։ Այսպիսի դիմակ հագած մարդը շնչում է հատուկ զտիչների միջով։

Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում։ Միջազգային համաձայնագրով արգելված է նրա տարածքում ռազմական բնույթի որևէ միջոցառում անցկացնելը։ Անտարկտիդան խաղաղության մայրցամաք է։