Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավստրալիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Australia.svg
Coat of Arms of Australia.svg

Սա մի զարմանալի մայրցամաք է` տարօրինակ ճակատագրով: Եվ ոչ միայն նրա համար, որ եվրոպացիները հայտնաբերել են այն Ամերիկայից շատ ավելի ուշ, ոչ էլ նրա համար, որ հեռավոր Ավստրալիան յուրացնողների մեջ կային հանցագործներ, որոնք այստեղ էին աքսորվել Անգլիայից։ Ավստրալիան հարակից կղզիներով անջատվեց մնացած ցամաքից: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Երկրի վրա արդեն հայտնվել էին կաթնասունները, բայց նրանց մեծ մասն իրենց նախնիների մողեսների նման ձու էր դնում: Իսկ նրանք, որոնք արդեն սկսել էին կենդանի ձագեր ծնել, սրանց լույս աշխարհ էին բերում թերզարգացած ու թույլ։ Այդ ձագերը մորից առանձին ապրել չէին կարող, և մայրը նրանց կրում էր իր փորի վրա։ Այդտեղ ձագերը սնվում էին մայրական կաթով և հասունանում: Ավստրալիայի անտառներն ու սավաննաներն ընդմիշտ դարձան պարկավորների թագավորությունը: Դրանցից են պարկավոր գայլն ու փոքրիկ ծառերի վրա բնակվող պարկավոր արջը կոալան և պարկավոր սկյուռիկներն ու առնետները: Բայց Ավստրալիայի գլխավոր պարկավոր կենդանին կենգուրուն է։ Հայտնաբերվեցին նաև ձվադրողներ, որոնց գիտնականները համարում էին լիովին անհետացած միլիոնավոր տարիներ առաջ։ Դրանք բադակտուցը և եքիդնան են։ Ահա թե ինչու Ավստրալիան շատ հաճախ անվանում են կենդանի բրածոների թանգարան:

Ավստարլիայում շատ թռչուններ կան։ Ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկները ծիածանի նման շքեղազարդ դրախտահավերն են: Ամենազվարճալին ծաղրասարյակն է։ Հսկայական երամներով թռչում են ալիքափետուր թութակները։

Ավստրալիայի ընդարձակ սավաննաները և անապատների ծայրամասերը ծածկված են խիտ մացառուտներով թեփապտերներով:

Ավստրալիայում մեծ և ջրառատ գետեր չկան։ Ամենախոշոր գետը Մուրեյն է։ Նրա Դառլինգ վտակը երաշտի ժամանակ չորանում է։ Չորային ոռոգման կարիք զգացող շատ հողատարածություններ դեռևս քիչ են յուրացված և գրեթե ամայի են։ Ոռոգման խնդիրն Ավստրալիայում ամենակարևորներից է: Գետերի ջուրը վերաբաշխելու համար կառուցում են հիդրոտեխնիկական հատուկ կառույցներ։ Օգտագործում են նաև ստորգետնյա ջրերը։

Ավստրալիայում լեռներ շատ կան, բայց դրանք բարձր չեն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ՝ ոսկի, արծաթ, պղնձի և երկաթի հանքաքար, քարածուխ և այլն: Այդ հանածո հարստության մեծ մասը մշտապես արտահանվում է այլ երկրներ: Բայց Ավստրալիան ամենից շատ գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում։ Ոչխարաբուծությամբ Ավստրալիան աշխարհում առաջին տեղն է գրավում և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի շատ երկրների մատակարարում է հրաշալի բուրդ։ Ոչխարների արոտավայրերի համար Ավստրալիայում ոչնչացվել են բազմաթիվ հոյակապ անտառներ։

Բնակություն հաստատելով Ավստրալիայում և յուրացնելով այն՝ անգլիացի գաղութարարները գրեթե ամբողջովին ոչնչացրին նրա բնիկներին։

Ավստրալիայի բնիկներին գայթակղելով ծուղակն էին գցում գնդակահարում դավաճանաբար ոչնչացնում թունավորված ուտելիքով քշում անապատներ, ուր նրանք դատապարտվում էին սովամահության։ Ավստրալիայում բնիկներ շատ քիչ են մնացել ընդամենը մոտ 50 հզ․ մարդ։

Ավստրալիա մայրցամաքը զբաղեցնում է մեկ պետություն՝ Ավստրալիան։ Ավստրալիացիները հիմնականում անգլիացիների սերունդներն են և խոսում են անգլերեն։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, աշխատում հանքահորերում և հանքերում մետալուրգիական գործարաններում, մանածագործական և կոշիկի ֆաբրիկաներում։ Ավստրալիայի շատ գործարաններ ու ֆաբրիկաներ անասնապահական ֆերմաներ և հանքեր պատկանում են օտարերկրյա՝ հիմնականում անգլիացիներին ու կալվածատերերին։