Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայկական լեռնաշխարհ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500 - 1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3000 - 4000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճիի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները։ Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։