Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Իրան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Իրանը Հայաստանի հարավային հարևանն է։ Երկրի տարածքի զգալի մասն զբաղեցնում են լեռները և բարձրանիստ հարթավայրերը, ուր ամռանը շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ։ Տարին բոլոր տաք ու խոնավ է լինում Կասպից ծովի ցածրադիր ափերին միայն, ուր աճում են մշտադալար, խիտ ու փարթամ անտառներ։ Արևելքում փռված է գրեթե անմարդաբնակ Աղի մեծ անապատը, որի կարմրակավային մակերևույթը ծածկված է աղի թաղանթով։ Այստեղ աղի է, անգամ, գետերի ջուրը։ Երկրի հարավային և արևմտյան ծայրամասերին վեր են խոյանում նրա ամենաբարձր լեռները։ Էլբուրսի լեռների ստորոտին տեղավորված է Իրանի մայրաքաղաք Թեհրանը։ Նրա արվարձաններում ցածրահարկ, լուսավոր տների թաղամասերն են և հարթ տանիքներով կավածեփ խրճիթները, կենտրոնում՝ բարձրահարկ շենքերը և կանաչավետ պուրակներն ու զբոսայգիները։ Այս ու այնտեղ վեր են հառնում զարդանախշ, բազմագույն գմբեթներով և բարձր աշտարակներով մինարեներով, բազմաթիվ մզկիթներ: Իսկ հեռվում փայլփլում է հանգած հրաբխի՝ հավերժական ձյունով պատած գագաթը: Իրանը բազմազգ պետություն է։ Այստեղ ապրում են պարսիկներ, ադրբեջանցիներ, քրդեր, հայեր, թուրքմեններ, բելուջներ և այլն։ Բնակչությունը կենտրոնացած է, հիմնականում, միջլեռնային ընդարձակ հովիտներում, ուր հոսում են հորդառատ գետեր, և հողերն էլ բերրի են։ Այստեղ են տեղավորված նաև խոշոր քաղաքները, որոնք հիմնադրվել են դեռ վաղ անցյալում։ Իրանում ասում են. «Ուր վերջանում է ջուրը, այնտեղ էլ վերջանում է հողը»։ Ջուրը դեպի դաշտերն է հոսում գետերից և ջրամբարներից անցկացված ջրանցքներով կամ էլ ստորգետնյա անցքերով, որտեղ հավաքվում են գետնաջրերը։ Դաշտերում մշակում են ցորեն, բրինձ, գարի, բամբակ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, արևածաղիկ, սոյա, քունջութ։ Այնտեղ, ուր ջուր կա, տարածված են մրգի և խաղողի այգիները, ընկուզենու պուրակները։ Այգիներում աճում են նարնջենի, խնձորենի, տանձենի, նռնենի, ծիրանենի, դեղձենի, սերկևիլենի, իսկ հարավում՝ նաև փյունիկյան արմավենիներ։ Բուծում են ոչխար, այծ, կով, գոմեշ, էշ և գյուղատնտեսական այլ կենդանիներ։ Երկու և կես հազար տարի է, ինչ իրանական պետությունը գոյություն ունի։ Եվ բոլոր դարերում էլ Իրանը հռչակված է եղել կյանքի բերկրանքը գովերգող իր բանաստեղծներով, տաղանդավոր նկարիչներով ու շինարարներով, հմուտ ջուլհակներով ու այգեպաններով։ Հարուստ է Իրանի ընդերքը։ Երկրի հարավում, Պարսից ծոցի ափին, արդյունահանում են մեծ քանակությամբ նավթ ու գազ։ Նավթն ուրիշ երկրներ են արտահանում հատուկ նավերով` տանկերներով։ Դեռ վերջերս նավթի վաճառքից ստացվող եկամտի հիմնական մասը յուրացնում էին ամերիկյան և անգլիական կապիտալիստները։ 1979 թ. հեղափոխության հետևանքով շահը տապալվեց, և Իրանը հռչակվեց Իսլամական ճանրապետություն։ Զարգանում են սովետաիրանական տնտեսական և առևտրական կապերը։ ՍՍՀՄ-ի օժանդակությամբ Իրանում կառուցվել են մետալուրգիական և մեքենաշինական գործարաններ: Հայերն Իրանում բնակվել են վաղեմի ժամանակներից՝ իբրև նրա կազմի մեջ մտած Պարսկահայք նահանգի բնիկներ: Այնուհետև Իրանում հայերի թիվն ավելացել է նրա տիրակալների վարած բռնագաղթերի քաղաքականության հետևանքով։ Այսպես, օրինակ, Իրանի գահակալ Շահ Աբբաս Առաջինը 17-րդ դարի սկզբին 300 հզ. հայերի Հայաստանից բռնի գաղթեցրեց իր երկիրը։ Այդ ժամանակ էր, որ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա հայկական քաղաքը, որի վաճառականությունը շուրջ երկու դար նշանակալի դեր խաղաց Արևելքի և Արևմուտքի երկրների միջև կատարվող առևտրում։ Իրանահայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքին։ Շատ հայեր եղել են Իրանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։ Իրանահայերը տվել են հայ ազգային-ազատագրական շարժման, հայ գրականության ու մշակույթի ականավոր գործիչներ։ Մինչև վերջերս Իրանում բնակվում էր շուրջ 200 հզ հայ։ Հայերն ունեն իրենցդպրոցները, մշակութային կազմակերպությունները, պարբերականները։ Սկսած 1946 թ. հազարավոր իրանահայեր ներգաղթել են Սովետական Հայաստան և լըծվել հայրենի երկրի զարգացման գործին։