Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խոսրովի անտառ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Khosrov forest, Armenia.jpg

Հայաստանի տարածքում ամենահին բուսաբանական թանգարանը Խոսրովի անտառն է, որ փռված է Արաքսի ձախ վտակ Ազատ (Գառնի) գետի ափերին։ Այն հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը մոտ 330 թվականին։ Այդ մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նույն դարի մի ուրիշ հայ պատմիչ` Փավստոս Բուզանդը, ավելի մանրամասն է նկարագրել այդ նշանավոր արհեստական անտառի ընդարձակությունն ու դիրքը։ Թագավորն սկզբում կողք կողքի տնկել է տվել երկու անտառ։ Մեկը կոչվել է Տաճար մայրի, որն սկիզբ էր առնում Գառնի ամրոցի մոտից, հասնում Դվին, մինչև Տիկնունի կոչվող պալատը։ Մյուս անտառը, որ ձգվում էր նախորդից հարավ, Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև ընկած եղեգնուտի եզերքով, անվանվել է Խոսրովակերտ։ Երկու անտառներն էլ պարսպապատել են առանձին-առանձին։

Իսկ ինչո՞ւ են անտառներից մեկն անվանել Տաճար մայրի։ Հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն, Տաճար մայրի նշանակում է սրբավայր-ծառաստան կամ սրբազան անտառ։ Երկու անտառներում էլ ամենից շատ տնկվել են կաղնի ու մայրի։ Բայց թագավորը չի բավարարվել միայն ծառեր տնկելով։ Նրա հրամանով որսի ամեն տեսակ կենդանիներ ու թռչուններ են հավաքել ու բաց թողել այդ անտառներում, և դրանք դարձել են արքայի ու արքունականների որսավարժության և զինավարժության վայրեր։ Այդ անտառներում եղել են կչկչաձայն հայկական սև կաքավներ, եղեգնաբնակ և աղավնանման աքարներ, որոնք համեղ միս ունեին և հետագայում համարյա վերացան՝ անխնա որսի պատճառով։ Ժամանակի ընթացքում այդ երկու անտառները, որ հնում ավելի մեծ տարածություն էին զբաղեցնում, միացան, և միացյալ անտառը կոչվեց Խոսրովի անտառ։ Օտար նվաճողներն իրենց ասպատակությունների ժամանակ ոտքի կոխան դարձրեցին նաև այս վայրը, հատեցին ընտիր ծառաստանը, ոչնչացրեցին կենդանական աշխարհը։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1958 թ. որոշմամբ կազմակերպվել է Խոսրովի պետական արգելանոցը, որն զբաղեցնում է 27 հզ. հեկտար տարածություն։ Այն տարածվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Այժմ այստեղ աճում են գիհու նոսր անտառակներ, կաղնուտներ և ուրիշ ծառատեսակներ ու բույսեր։ Հետզհետե հարստանում է նաև արգելանոցի կենդանական աշխարհը։ Արգելանոցում կան հայկական մուֆլոն (վայրի ոչխար), բեզոարյան այծ, վարազ, նապաստակ, աղվես, ընձառյուծ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ, ուսուրական բծավոր եղջերու, բազմատեսակ թռչուններ, սողուններ։