Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դվին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Dvin.jpg

Դվինը Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։ Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն: Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։