Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մովսես Խորենացի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
St.Movses Khorenatsi.jpg

«Թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»:

Այս տողերը դուք կարող եք կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում:

Մովսես Խորենացին հայ ամենամեծ պատմիչն է: Ժողովուրդը նրան տվել է Քերթողահայր և Պատմահայր պատվանունները: Նրա ստեղծած գիրքը հայ ժողովրդի ծննդաբանության, վաղնջագույն շրջանի պատմության անզուգական վավերագիր է: Մովսես Խորենացին է, որ ցույց է տվել աշխարհին, թե որտեղից է գալիս հայ ժողովուրդը, ոտքը պատմության որ սանդուղքին է դրել, ովքեր են նրա «մանկության ընկեր» ժողովուրդները:

Շատ բան չի պահպանվել նրա կենսագրությունից: Մովսես Խորենացին ծնվել է 410 թվականին մոտավորապես Տարոն գավառի Խորոնք (Խորնի) գյուղում՝ ժամանակի սովորության համաձայն ծննդավայրի անունից ստանալով Խորենացի մականունը: Նրա ուսուցիչներն են եղել հայոց կաթողիկոս Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը: Կրթությունը շարունակել է Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս), որը ժամանակի հունական մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում ու Աթենքում: Հայաստան է վերադարձել մոտ 440 թ.:

450-451 թվականներին Հայաստանում ծավալված ազատագրական շարժման ժամանակ նա նշանակվել է Այրարատ նահանգի Բագրևանդ և Արշարունիք գավառների եպիսկոպոս: 470-ական թվականներին Սահակ Բագրատունի իշխանը Մովսես Խորենացուն պատվիրում է գրել Հայաստանի ամբողջական պատմությունը: Պատմիչը սիրով ձեռնամուխ է լինում այդ գործին, որովհետև դա նրա տարիներով փայփայած երազանքն էր:

Մովսես Խորենացին պրպտեց իրենից առաջ եղած գրավոր աղբյուրները՝ նախաքրիստոնեական շրջանում ստեղծված և հետագայում մեհենական կոչված մատյանները, նախորդ հայ պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի և ուրիշների պատմական երկերը։ Նա օգտագործեց նաև ժողովրդի մեջ պահպանված ավանդազրույցները, ուսումնասիրեց Հայաստանի քաղաքները, բերդերը, բնակավայրերը։ Մենք չգիտենք, թե նա երբ է սկսել գրել «Հայոց պատմությունը», բայց հայտնի է, որ այն ավարտվել է մինչև 482 թ․։

Խորենացին իր շարադրանքն առաջ է տանում երեք զուգահեռ գծերով՝ դրանք սերտորեն կապելով միմյանց։ Առաջինը հայոց նահապետների պատմությունն է, որ սկսվում է Հայկից, երկրորդը՝ հայ նախարարական տների, իսկ երրորդը՝ Հայաստանի հետ առնչվող հարևան երկրների պատմությունը։ Խորենացու երկը հայ ժողովրդի առաջին քննական պատմությունն է։ Նրա շնորհիվ է, որ կորստից փրկվեցին «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ավանդազրույցները, հայ ավանդական նահապետ Արամի, Վահագնի մասին եղած պատմություններն ու երգերը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» հայ ժողովրդի ամենասիրած գրքերից է և բազմիցս ընդօրինակվել է Միջնադարյան Հայաստանի դպրոցներում։ Այն եղել է հայ ժողովրդի պատմության միակ ու անփոխարինելի դասագիրքը, սերունդներին կրթել հայրենասիրության ոգով։ Այդ գրքի հնագույն ընդօրինակություններից մեզ է հասել 50 ամբողջական ձեռագիր, որից 30-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Մովսես Խորենացու երկի բնագիրը, որը գրվել է հին հայերենով՝ գրաբարով, առաջին անգամ տպագրվել է 1695 թվականին Ամստերդամում, հետագայում շատ հրատարակություններ է ունեցել, վերածվել աշխարհաբարի, թարգմանվել ուրիշ լեզուներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։