Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Առակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մխիթար Գոշ

«Առակ» բառը հին հայերենում նշանակել է խրատ, իմաստություն, բարոյախրատական նշանակություն ունեցող փոքրիկ զրույց: Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակ է, որ վերոհիշյալ գրեթե բոլոր հատկանիշներն ունի իր մեջ ներառած:

Առակները գեղարվեստական փոքրիկ ստեղծագործություններ են կենդանիների, բույսերի, ինչպես նաև մարդկանց մասին պատմող զանազան հետաքրքրաշարժ զրույցներ, որոնք ունեն այլաբանական իմաստ: Նրանցում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում է լավը, բարին, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում է վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը։ Ամեն մի առակ ունի խրատական դաստիարակիչ իմաստ:

Առակները հին ժամանակներից ի վեր սիրված ու թարգմանաբար տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության և գրականության մեջ: Առակների ամենահին հեղինակը հույն Եզոպոսն է, որի անունով բազմաթիվ առակներ են պահպանվել հին հունական գրականության մեջ։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը:

Հայ գրականության մեջ առակները երևան են եկել վաղ միջնադարում, սկզբում հունական առակների թարգմանություններով, հետագայում՝ 12–13 րդ դարերում։ Նշանավոր առակագիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին։ Վերջինիս անունով պահպանվել են առակների ժողովածուներ: Ամենահայտնին «Աղվեսագիրքն» է։

Հայ գրականության մեջ առակներ են գրել Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը և շատ ուրիշներ: