Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մխիթար Գոշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1120-ական թվականներ-1213

Mkhitar Gosh.jpg

1188 թ. Հայոց աշխարհի Կայեն գավառում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։ Շատ ավերածություններ եղան, ավերվեցին նաև Գետիկ գետի ափին ընկած գյուղն ու նրա մոտ գտնվող համանուն վանքը։ Շուտով, սակայն, Մխիթար Գոշ անունով մի մարդու եռանդուն ջանքերի շնորհիվ գետի ափին հիմնադրվեցին երկու նոր գյուղ և Նոր Գետիկ վանքը, որը հետագայում դարձավ միջնադարյան Հայաստանի կրթական ու մշակութային հայտնի կենտրոններից մեկը։ Ո՞վ էր այդ Մխիթար Գոշը։

Միջնադարյան հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներից է նա՝ նշանավոր գիտնական, օրենսդիր, մանկավարժ, առակագիր, հասարակական գործիչ։ Ուսում առնելով իր ծննդավայր Գանձակ քաղաքում՝ գիտելիքների մեջ ավելի խորանալու նպատակով նա մեկնում է Կիլիկյան Հայաստան, ուր այդ ժամանակ վերելք էին ապրում հայ մշակույթն ու գիտությունը։ Վերադառնալով հայրենիք՝ նա մի շարք վայրերում դպրոցներ է հիմնում, ապա հաստատվում Գետիկ, երկրաշարժից հետո՝ Նոր Գետիկ վանքում։

Շուտով նրա իմաստունության համբավն այնքան է տարածվում, որ նրան աշակերտելու են գալիս նույնիսկ հեռավոր վայրերից և այն էլ՝ արդեն ուսյալ մարդիկ։ Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում։ Նրան անվանում էին «հռչակավոր», «աշխարհալույս», «իմաստուն և հեզ»: Ժողովուրդն այնպիսի ակնածանք էր տածում նրա հանդեպ, որ գիտնականի մահից հետո Նոր Գետիկ վանքն անվանեց Գոշավանք։ Հայ միջնադարյան ճարտարապետության այդ հրաշալի կոթողն այսօր էլ կանգուն է Գոշ գյուղի մոտ, բնության գեղատեսիլ մի անկյունում։

Մանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությանը զուգընթաց Մխիթար Գոշը նաև ստեղծագործում էր։ Նրա երկերի թվում առանձնանում են։ Դատաստանագիրքը, ավելի ճիշտ՝ «Գիրք դատաստանին» և առակների ժողովածուն։

Մխիթար Գոշի ժամանակներում իր պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար ստեղծվել էին այն վերականգնելու որոշ նախադրյալներ։ Ահա այս պայմաններում էր, որ մեծ հայրենասերը ձեռնարկում է Դատաստանագրքի ստեղծումը, որի նպատակը պետք է լիներ բարձրացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական ոգին, երկրի ներսում ապահովել արդարադատություն ու խաղաղություն, դրանով իսկ բոլոր ուժերը միավորել անկախություն ձեռք բերելու և հայկական կենտրոնացված թագավորությունը վերականգնելու համար։

Դատաստանագիրքը, որը հեղինակի երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է, պարունակում է 254 հոդված։ Թեև այն կոչված էր պաշտպանելու տիրող դասակարգի շահերը, սակայն հանուն արդարության Մխիթար Գոշը հստակորեն սահմանազատում է թագավորի, իշխանների և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, պատիժներ է սահմանում հոգևոր և աշխարհիկ այն տերերին ովքեր կամայականորեն ու ապօրինի էին վարվում հասարակ ժողովրդի հետ, անգթաբար տանջում էին շինականներին, ընչաքաղց էին, կաշառակեր ու տգետ։ Նա պաշտպանում էր կնոջ շահերը, հատուցումներ նախատեսում այն ամուսիններին, ովքեր ստորացնում, ծեծում էին կանանց։ Պատիժներ էր սահմանում նաև այն երեխաներին, ովքեր, ասենք, «գրազով» քարկոծում կամ այլ վնասվածքներ էին հասցնում միմյանց։ Մարդկանց հավասարության գաղափարը Մխիթար Գոշն ամրապնգեց օրենքով և բոլոր խավերի համար սահմանեց հավասար պատիժ։ Նա գտնում էր, որ հատուցումն ու պատիժը պետք է համապատասխանեն հասցված վնասին։ Դա առաջադիմական սկզբունք էր, չէ՞ որ այս ժամանակ ամենափոքր իսկ զանցանքի համար մարդուն կարող էին նույնիսկ մահապատժի ենթարկել։ Իր Դատաստանագրքով Մխիթար Գոշը հանգես է գալիս որպես մեծ մարդասեր։ Դարեր շարունակ այն իբրև Օրենսգիրք է գործածվել ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական բազմաթիվ գաղթավայրերում։ «Գիրք դատաստանին» նաև թարգմանվել է մի շարք օտար լեզուներով, այդ թվում։

Հայ գեղարվեստական գրականության մեծարժեք գործերից են Մխիթար Գոշի առակները։ Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնց հերոսները ներկայանում են երկնային մարմինների, երկրի, ծառերի, խոտերի, ծաղիկների, լեռների, գետերի, կենդանիների, թռչունների, մարդկանց տեսքով։ Այդ առակներն ունեն դաստիարակչական, խրատական նշանակություն։ Իր այլաբանական հերոսների միջոցով Մխիթար Գոշը դրվատում է մարդկային առաքինությունները, ծաղրում հիմարությունը, տգիտությունն ու վախկոտությունը, խարազանում չարիքը։ Մի շարք առակներում արտահայտված է հեղինակի խաղաղասիրության ձգտումը։ Մխիթար Գոշն արդարացի էր համարում միայն այն պատերազմը, որը մղվում է օտարի հարձակումից հայրենիքն ու հարազատ ժողովրդին պաշտպանելու նպատակով։

Մեծ մտածողն ու հայրենասերը վախճանվեց խոր ծերության հասակում։ Նրա աճյունը հանգչում է իր իսկ հիմնած Գոշավանքի բակում։