Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ղազարոս Աղայան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ghazaros Aghayan.jpg

«Կարծես հեքիաթների միջից եկած մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ:

...Կարելի է ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված հավատով»։ Այսպիսին է Ղազարոս Աղայանը Ավետիք Իսահակյանի հուշերում։

Աչքը բաց արեց նա Բոլնիս-Խաչենում (այժմ՝ Վրաստանում) ու իր շուրջը վաղ հասակից տեսավ դառնություններ, խավարի թագավորություն: Երբ զգաց, որ խավարի այդ աշխարհում «լուսավոր մարդուն լապտերով են փնտրում», երդվեց նվիրվել իր ժողովրդի լուսավորության շնորհակալ գործին։ Աշխատեց ու սովորեց, քաղաքից քաղաք ման եկավ, փորձով ու գիտելիքներով զինվեց, դասագրքեր կազմեց, ուսուցչություն արեց և գրաճանաչություն սովորեցրեց հայ մանուկներին:

Ղազարոս Աղայանը, լինելով ժողովրդի ցավերի ու վշտերի երգիչ, գյուղացու հոգսերը դարձրեց իր ստեղծագործության առանցքը, ժողովրդի ճակատագիրը համարեց իրենը։ 1900-ական թվականներին Թիֆլիսում Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական խմբակի շունչ ու ոգի տվող գրողներից էր նա, որին Նահապետ էին ասում։

Բնության պատկերների զարմանալի զգացողություն ուներ Աղայանը և նկարչի նուրբ դիտողականությամբ կարողանում էր գրչով նկարել պատկերը, դարձնել այն շոշափելի և տեսանելի։

Աղայանի պոեզիայում առանձնահատուկ տեղ են գրավում «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան» բանաստեղծությունները։ Քնքուշ ու հեզ մանուշակի բերանով անգամ Աղայանը բողոքում է անարդարության դեմ: Կոշտ ձեռքերով ու կոպիտ ճանկերով մայր հողից պոկված մանուշակը վշտացած է ու համոզված, որ ինքը երկար չի ապրի աշխարհում, քանի դեռ կան անգութ մարդիկ («Մանուշակ»):

Ղազարոս Աղայանը գրականության պատմության մեջ մտավ որպես մանկական գրող։ Մեկ դարից ավելի է, Աղայանի «Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և ուրիշ շատ ոտանավորներ զարդարում են դպրոցական դասագրքերը։ Մանկական աշխարհն Աղայանի ստեղծագործական տարերքն էր:

Կյանքում տառապանք ու վիշտ տեսած գրողը մանուկների համար ստեղծում էր ուրախ ոտանավորներ, պատմվածքներ ու հեքիաթներ («Հնձվորները», «Տիկնիկի», «Գյուլնազ տատի հեքիաթը», «Խելքն ու բախտը», «Ծույլ տղա», «Դանակով»):

«Անահիտ» հեքիաթը դարձավ հայ հեքիաթագրության հիմնաքարը։ Հեքիաթի վերջում հեղինակն ինքն է պարզաբանում նրա բուն իմաստը. «Ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրենց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ: Այդ հեքիաթի գլխավոր միտքն այն է, որ թագավորի կյանքը արհեստն է փրկել»։

Աղայանն իր հեքիաթներով ընթերցողի ձեռքից բռնած տանում է կախարդական աշխարհներով, շունչ ու կենդանություն տալիս քարացած անապատներին ու մարդկանց («Արեգնազան կամ կախարդական աշխարհ» և «Հազարան բլբուլ»), հրեղեն Պեգասին նստած սավառնում է երկնքում՝ ամպերից բարձր և հաղթում զարհուրելի վիշապին («Վիշապին հաղթողը»), ուրախանում եղեգնից ծնված ազնիվ ու անմեղ աղջկա բախտով («Եղեգնուհի»): Անարդարությունն ու չարը կործանելու համար Աղայանը, օգտագործելով ժողովրդական ավանդությունը, կերտում է գերմարդկային ուժի ու խելքի տեր Տորք Անգեղի կերպարը («Տորք Անգեղ»):

Աղայանը, բարձրանալով իր ժամանակի հետամնաց ու խավար իրականությունից, իր ընթերցողների համար գեղեցիկ կյանք է պատկերում, իր հնարած պատմություններով ու հերոսների արարքներով մտածել տալիս մի նոր աշխարհի ու նոր մարդու մասին:

Աղայանի անունով դպրոցներ ու փողոցներ կան Երևանում և այլուր։