Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տիեզերք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Hubble Interacting Galaxy IRAS 18090 (2008-04-24).jpg

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժ աշխարհն է։ Տիեզերքի դիտվող մասում ամենուրեք գերակշռում են ամենաթեթև նյութերը՝ ջրածինն ու հելիումը։ Դրանցից են հիմնականում կազմված աստղերը՝ ինքնալուսարձակող գազային վիթխարի գնդերը, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։ Արեգակն այդպիսի աստղերից մեկն է։

Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն) և հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպեր (աստերոիդներ) ու գիսավորներ։ Բայց, նույնիսկ միասին վերցրած, դրանք բոլորն էլ զանգվածով շուրջ հարյուր անգամ փոքր են Արեգակից։

Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը։ Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ։

Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում․ ահա թե ինչ չափեր ունի Տիեզերքի՝ մինչև այժմ ուսումնասիրված մասը։

Մոլորակների և իր մյուս արբանյակների հետ Արեգակը կազմում է Արեգակնային համակարգը։ Հնարավոր է, որ շատ աստղեր իրենց շուրջն ունեն մոլորակներ, և դրանցից մի քանիսի վրա կյանք կա, կամ նույնիսկ բանական էակներ են բնակվում։

Աստղերը միավորվում և կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ։ Բացի Արեգակից, մեր Գալակտիկայում կան ևս մոտ 100 միլիարդ աստղեր։

Ամենահեռավոր գալակտիկաներից լույսի ճառագայթը Երկիր է հասնում միլյարդավոր տարիների ընթացքում։ Բայց դա տիեզերքի սահմանը չէ։ Երբ կառուցվեն ավելի հզոր աստղադիտակներ, գիտնականները կհայտնագործեն նաև ավելի հեռավոր երկնային մարմիններ․ չէ՞ որ Տիեզերքն անսահման է։

Բոլոր երկնային մարմիններն անցնում են զարգացման բարդ ճանապարհ։ Բայց ինչպես էլ նրանք փոխվեն, այն, ինչից կազմված են (մատերիան), չի ոչնչանա։ Տիեզերքը ոչ միայն անսահման է, այլև հավերժ։