Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գալակտիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
NGC 4414 (NASA-med).jpg

Մութ գիշերներին, պարզ ու աստղալից երկնքում դուք կարող եք նկատել լայն, թույլ առկայծող մի շերտ, որն, ասես գոտևորում է ողջ երկնակամարը։ Այդ շերտը թափված կաթի հետք է հիշեցնում և այդ պատճառով էլ դեռ հնում այն անվանել են Ծիր կաթին։ Հայերը Ծիր կաթինն անվանում են նաև Հարդագողի ճանապարհ։

Ժամանակակից աստղադիտակներով դիտելիս երևում է, որ Ծիր կաթինը կազմված է աղոտ առկայծող բազմաթիվ աստղերից, որոնք անզեն աչքով դիտելիս միաձուլվում են և երևում որպես համատարած մի շող։

Ծիր կաթինն այն աստղերի մեծամասնությունն է, որոնք մտնում են աստղային հսկայական համակարգի՝ Գալակտիկայի, կազմի մեջ։ Գալակտիկային են պատկանում նաև երկնքում դիտվող մյուս աստղերը և մեր աստղը՝ Արեգակը: Գալակտիկայի աստղերի ընդհանուր թիվն ահռելի է՝ մոտ 100 միլիարդ։ Նրանք գոյացնում են սկավառակի ձև ունեցող վիթխարի մի խառնակույտ։ Գալակտիկայի մեծ տրամագիծն այնքան մեծ է, որ լույսի ճառագայթը նրա երկարությունը կարող է հաղթահարել միայն 100 հզ տարում։ Արեգակը Գալակտիկայի սովորական աստղ է։ Այն ավելի մոտ է մեր աստղային համակարգի եզրին, քան կենտրոնին։ Իսկ Գալակտիկայի կենտրոնում կա աստղերի խիտ, գրեթե գնդաձև մի կույտ, որը կազմում է Գալակտիկայի միջուկը։

Բոլոր աստղերը պտտվում են Գալակտիկայի միջուկի շուրջը, ընդ որում Արեգակն իր մոլորակներով Գալակտիկայի միջուկի շուրջը իր պտույտն ավարտում է 200 մլն տարում։ Այդ հսկայական ժամանակահատվածը կոչվում է գալակտիկական տարի։

Աստղերից բացի Գալակտիկայի կազմում կան տիեզերական պինդ, մանր փոշու և գազի չափազանց նոսր, վիթխարի ամպեր։ Դրանք անվանում են փոշային և գազային միգամածություններ։ Շատ հավանական է, որ Գալակտիկայի բազմաթիվ աստղերի շուրջը պտտվում են մոլորակներ, բայց ժամանակակից հզոր աստղադիտակներով անգամ դրանք տեսնելն անհնար է։

Բացառված չէ, որ մեր Գալակտիկայի որոշ մոլորակների վրա կան բանական էակներ, որոնք ունակ են ռադիոազդանշաններ ուղարկելու Տիեզերք։ Այժմ գիտնականները փորձում են հզոր ռադիոաստղադիտակների օգնությամբ որսալ այլ մոլորակների բնակիչների այդպիսի ռադիոազդանշաններ։ Բայց մինչև օրս այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Մեր Գալակտիկայից բացի, Տիեզերքում կան բազմաթիվ այլ գալակտիկաներ։ Դրանցից ամենամոտիկները մեր երկնքում երևում են որպես փոքրիկ, մշուշոտ բծեր։ Այդ գալակտիկաներից լույսի ճառագայթը մեզ է հասնում միլիոնավոր, իսկ հայտնի ամենահեռավոր գալակտիկաներից՝ միլիարդավոր տարիների ընթացքում։