Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հնդկաստան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հնում Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր։ Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան։ Հինգ հարյուր տարի առաջ այնտեղ եղավ նաև ռուս վաճառական Աֆանասի Նիկիտինը:

18-րդ դարում անգլիացիները նվաճեցին Հնդկաստանը և դարձրին իրենց գաղութը: Շուրջ երկու հարյուր տարի նրանք կողոպտում ու կեղեքում էին հնդիկ ժողովրդին (նրանց չշփոթեք հնդկացիների հետ), ծանր պայքարում անկախություն նվաճեցին: Դա տեղի ունեցավ 1947 թ.։

Հնդկաստանը Ասիայի և ամբողջ աշխարհի ամենամեծ երկրներից է: Բնակչության թվով նա զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին։ Հնդկաստանը Չինաստանից անջատվում է երկրագնդի ամենաբարձր լեռներով՝ Հիմալայներով Հիմալայների ստորոտի երկայնքով, դաշտավայրով, հոսում է Գանգես մեծ գետը, իսկ ավելի հարավ Հնդստան թերակղզու բարձրություններն են։ Թերակղզին ինքը վիթխարի սեպի նման մխրճվում է Հնդկական օվկիանոսի մեջ:

Լեռների լանջերին դեռևս պահպանվել են մշտադալար թավախիտ անտառները՝ ջունգլիները, խոշոր կենդանիներից այստեղ հանդիպում են վագրեր, ռնգեղջյուրներ, վայրի փղեր։ Հնդկաստանում այնքան շատ կապիկներ կան, որ նրանց կարելի է հանդիպել ոչ միայն անտառներում, այլև քաղաքներում ու գյուղերում:

Դաշտերում հնդիկ գյուղացիները մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, շաքարեղեգ, բամբակենի, ջուտ, որից պատրաստում են դիմացկուն ճոպաններ։ Արևելյան Հիմալայների լանջերին մշակում են թեյի թուփ։

Հնդիկների մեծ մասն ապրում է գյուղերում, կավաշեն խրճիթներում կամ աղյուսաշեն տներում, որոնք ծածկված են լինում ծղոտով, եղեգով կամ կղմինդրով։ Հողը մշակում են եզների ու գոմեշների օգնությամբ։ Այն ոռոգելու դեպքում հնարավոր է հավաքել տարեկան երկու կամ, նույնիսկ, երեք բերք։

Հնդկաստանը հազարամյակների պատմություն ունի։ Հին հնդկական քաղաքները գտնվում են երկրի խորքում: Այստեղ պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները:

Հնուց ի վեր հռչակված են հնդիկ հմուտ արհեստագործները, ջուլհակները, զինագործները, դրվագողները, քարի և ոսկրի փորագրիչները:

Երկրի ամենախոշոր քաղաքները կառուցվել են համեմատաբար վերջին ժամանակներում, մոտ 100 տարի առաջ, ծովափերին: Այս քաղաքներում գերակշռում են գործարաններն ու ֆաբրիկաները: Հնդկական ապրանքներ՝ թեյ, ջուտ, կաշի ու մորթի, երկաթի հանքաքար, քարածուխ, փայլար տանելու համար արտասահմանյան երկրներից այստեղ են գալիս բազմաթիվ նավեր:

Հնդիկները խոսում են բազմաթիվ լեզուներով, ունեն մաշկի տարբեր գույն: Հնդկաստանի Հանրապետությունը կազմված է քսաներկու նահանգից, յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն՝ բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն:

Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Ժամանակավորապես երկրորդ պետական լեզու է համարվում անգլերենը:

Երկար ժամանակ հնդիկներն իրենց երկրի տերը չէին, և դա խիստ կասեցնում էր երկրի զարգացումը: Այժմ Հնդկաստանն ունի իր խոշոր արդյունաբերությունը: Կառուցվում են գործարաններ, ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ, ոռոգման ջրանցքներ: Դաշտերում, եզների լծասարքի կողքին, գնալով ավելի շատ տրակտորներ են հայտնվում:

Հնդկաստանը եղել է ամենաաշխույժ հայ գաղթավայրերից մեկը: Տեղեկություններ կան, որ հայ-հնդկական կապեր գոյություն են ունեցել դեռևս մեր թվականությունից շատ առաջ: Սակայն հայ առաջին համայնքները Հնդկաստանում ստեղծվել են 16-րդ դարում, ապա ստվարացել 17-18-րդ դարերում (շուրջ 25 հզ հայ): Առանձնապես շատ հայեր էին ապրում Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ քաղաքներում: Հայոց մեջ կային արհեստավորներ, մտավորականներ, պետական պաշտոնյաներ, բայց երկար ժամանակ երկրում ազդեցիկ դիրք ունեին հայ խոշոր վաճառականները. նրանց միջոցով էր կատարվում առևտուրը Հնդկաստանի և Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Գենետիկի միջև հայ շատ զորականներ են աչքի ընկել անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարում:

Հնդկահայ գաղթավայրում գործել են հայ ազգային-ազատագրական և լուսավորական շարժումների հայտնի դեմքեր: Նրանք գտնում էին, որ օտարի լծից Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ: Նրանք մտահոգված էին նաև հարազատ ժողովրդի լուսավորության հարցով: Դպրոցներ էին բացվել հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում: Մադրասում և Կալկաթայում գործում էին տպարաններ: Մադրասում էր, որ 1794 թ. լույս տեսավ հայ առաջին պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը: Գործում էին մշակութային ու բարեգործական մի շարք ընկերություններ: 20-րդ դարի սկզբից հնդկահայ գաղթավայրն զգալիորեն նոսրացավ: Այժմ Հնդկաստանում ապրում է շուրջ 1000 հայ: