Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թուրքիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այս պետությունը գտնվում է միանգամից երկու աշխարհամասերում, մեծ մասը (Անատոլիան)՝ Ասիայում, Փոքր Ասիա թերակղզու վրա, իսկ փոքր մասը՝ Բալկանյան թերակղզու վրա, Եվրոպաում։ Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այդ նեղուցները միացնում են Սև և Միջերկրական ծովերը։ Բոսֆորի զառիթափ ափերին փռված է Թուրքիայի ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը՝ Ստամբուլը։ Հազարամյա վաղեմություն ունեցող հուշարձանները, միջնադարյան պալատներն ու տաճարներն այստեղ հարևանություն են անում ժամանակակից գործարանների ու ֆաբրիկաների հետ։ Խիտ կառուցապատված, սարն ի վեր մագլցող ծուռումուռ փողոցների վրա երկինք են խոյանում մզկիթների սլացիկ մինարեներն ու բազմերանգ լուսազդագրերով ժամանակակից երկնաքերները։ Այս ու այնտեղ լսվում են այլալեզու խոսակցություն, փողոցային մանրավաճառների բացականչություններ, բազմահազար ավտոմոբիլների աղմուկը։ Օրվա ընթացքում հինգ անգամ մզկիթների մինարեներից լսվում է մոլլաների՝ աղոթքի կանչող ձայնը։ Հնում Ստամբուլը եղել է Արևելյան հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) մայրաքաղաքը և կոչվել Կոստանդնուպոլիս։ 1453 թ. քաղաքը նվաճեցին թուրքերը և վերանվանեցին Ստամբուլ։ 1923 թ. Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա։ Թուրքիայի մեծ մասն զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն տեղում, և արևը հսկայական տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը։ Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ։ Կենդանիներից լեռնային անտառներում հանդիպում են այծյամներ, վարազներ, գորշուկներ (փորսուղներ), սկյուռներ, իսկ տափաստաններում՝ աղվեսներ, չախկալներ, գետնասկյուռներ։ Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, պահում ոչխարներ ու անգորական հայտնի այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման, բարձրորակ բուրդ։ Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը։ Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում։ Սև ծովի ափերին տարին բոլոր առատ անձրևներ են գալիս, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են։ Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեր, ցիտրուսայիններ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ։ Թուրքիայում հողի մեծ մասը պատկանում է կալվածատերերին։ Գյուղացիները սեփական հող կամ բոլորովին չունեն, կամ էլ այնքան քիչ ունեն, որ չեն կարողանում կերակրել ընտանիքը և ստիպված են աշխատել կալվածատերերի մոտ։ Բազմաթիվ հողազուրկ գյուղացիներ մեկնում են քաղաք, բայց այնտեղ նույնպես հեշտ չէ աշխատանք գտնելը։ Դեռ բոլորովին վերջերս Թուրքիան գերազանցապես գյուղատնտեսական երկիր էր։ Այժմ զարգանում է ծանր արդյունաբերությունը։ Երևան են եկել այնպիսի ճյուղեր, ինչպես սև ու գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը, նավթավերամշակման, քիմիական արդյունաբերությունը։ Մի շարք խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցվել կամ կառուցվում են Սովետական Միության աջակցությամբ ու օգնությամբ։ Օգտակար հանածոներից արդյունահանում են քրոմի, երկաթի, պղնձի հանքաքար, քարածուխ, բոքսիտներ, նավթ (բայց սեփական նավթը չի բավականացնում, և հարկ է լինում նաև ներմուծել)։ Ֆաբրիկաներն արտադրում են գործվածք, վերամշակում ձիթապտուղը, ծխախոտը։ Երկրում շատ են տնայնագործական արհեստանոցները, որտեղ գործում են գորգեր, պատրաստում խեցեղեն, ոսկե և արծաթե իրեր։ Թուրքիայի աշխատավորների վիճակը շատ ծանր է։ Գործազուրկների թիվը մեծ է, իսկ նրանք, ովքեր աշխատում են, չնչին աշխատավարձ են ստանում։ Աշխատանք գտնելու համար թուրք բանվորներն ու գյուղացիները մեկնում են այլ երկրներ։ Ոչ հեռավոր անցյալում ժամանակակից Թուրքիայի տարածքում է ապրել հայ ժողովրդի կեսից ավելին, քանի որ այստեղ է եղել նրա պատմական հայրենիքի՝ Հայաստանի, մեծ մասը։ 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած սելջուկ թուրքերի քոչվոր ցեղերը Արևելքից խուժել են Հայկական լեռնաշխարհ ու Փոքր Ասիա և այստեղ հիմնել իրենց պետությունը, որը հետագայում կոչվեց Օսմանյան կայսրություն: Թուրքականիշխողներն իրենց են ենթարկել նվաճված երկրների (այդ թվում՝ Հայաստանի) ժողովուրդներին, շահագործել ու հալածել նրանց: Օտարերկրյա նվաճողների դեմ ապստամբելու ամեն մի փորձ ճնշվել է դաժանորեն, և հայերը ստիպված են եղել հեռանալ իրենց հայրենիքից ու ապաստան գտնել այլ երկրներում: 1915-1916 թվականներին թուրքական կառավարողները, գերմանական իմպերիալիստների աջակցությամբ, կազմակերպեցին արևմտահայության զանգվածային ջարդեր ու բռնագաղթ նրա պատմական հայրենիքից։ Դրանց հետևանքով կոտորվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր։ Այդ կոտորածը պատմության մեջ մտավ որպես Մեծ եղեռն, գենոցիդ (ցեղասպանություն), որի զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվել Երևանում՝ Ծիծեռնակաբերդում։ Այսօր Թուրքիայում ապրում է հազիվ 65 հզ հայ, հիմնականում՝ Ստամբուլում։