Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենդանիների փոխօգնություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գոյության կռվում կենդանիները թշնամանում են, բայց և շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց։ Ափամերձ կղզիներում հաճախ միլիոնավոր թռչուններ են բնադրում։ Այն վայրերը, ուր նրանք հատկապես շատ են, անվանում են թռչնաշուկաներ, որովհետև այնտեղ աներևակայելի աղմուկ է լինում։ Երբեմն թռչունները կռվում են իրար հետ, բայց միասին են հալածում գիշատիչ թռչուններին։ Մրջյունները վարժվել են ուտիճներից քաղցր հյութ «կթել»։ Փոքրիկ աշխատավորները փնտրում գտնում են ուտիճներին, պահպանում նրանց ու նրանց ձվերը և մի ծառ–«արոտավայրից» մյուսը փոխադրում։ Այդ միությունից ուտիճն ստանում է պաշտպանություն ու խնամք, իսկ մրջյունը` սնունդ։

Ակտինիա կոչվող կենդանին շատ նման է ծաղկի։ Նրա տեսքով խաբված ձկնիկներն անզգուշորեն մոտ են լողում ծաղկաթերթիկների նմանվող շոշափուկներին, որոնք դաղում ու բռնում են ավարը։ Բայց ակտինիան ինքը շատ դանդաղ է տեղից տեղ շարժվում։ Նրա համար «երիվար» է դարձել մենակյաց խեցգետինը, որին և «հեծած» տեղաշարժվում է ակտինիան։ Խեցգետինը նույնիսկ ինքն է հարմար ակտինիա փնտրում, որ նրան իր խեցիին նստեցնի։ Ի նշան «երախտագիտության», ակտինիան իր շոշափուկներով խրտնեցնում է խեցգետնի թշնամիներին։ Ճապոնական ծովում այդ միության մեջ ակտինիայի տեղը երբեմն զբաղեցնում է շարժվելու անկարող մեկ այլ կենդանի՝ սպունգը։ Սպունգը չի դաղում, բայց նրան չեն ուտում, որովհետև կոշտ է ու անհամ, իսկ նրա մարմինը քողարկում է անպաշտպան խեցգետնին։

Նման փոխհարաբերությունները, որ կան խեցգետնի ու ակտինիայի, մրջյունների և ուտիճների միջև, գիտնականներն անվանում են սիմբիոզ։ Այս հունարեն բառը նշանակում է «համակեցություն»։ Սիմբիոզ հնարավոր է նաև բույսերի միջև։ Այսպես, մանրագույն ջրիմուռների ու սնկերի սիմբիոզից առաջանում է քարաքոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։