Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թռչնաշուկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lamberts Bay P1010338.JPG

Թռչնաշուկաները ծովային թռչունների աղմկոտ, բազմահազար կուտակներն են օվկիանոսների ու ծովերի ժայռոտ, զառիկող ափերին։ Հեռվից լսվում է նրանց բնակիչների անլռելի, բազմաձայն ժխորը, իսկ երբ մոտենում ես, ապշեցուցիչ տեսարան է բացվում. սաթի նման սև ու ձյունաճերմակ անթիվ-անհամար խոշոր թռչուններ թառել են ժայռերին, ծովի կողմից անվերջ շարաններով թռչում գալիս են կերով բեռնավորված ուրիշ թռչուններ, երրորդներն էլ թռչում գնում են որսի: Թռչնաշուկաներ կարելի է տեսնել Նոր երկիր կղզու արևմտյան ափին և Բարենցի ծովի այլ շրջաններում, ինչպես նաև` Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին։ Նրանք գոյատևում են ոչ թե տարին բոլոր, այլ միայն հյուսիսային կարճատև ամռանը, քանի դեռ թռչունները թուխս են նստում և կերակրում ճուտիկներին։ Թռչնաշուկաների ամենամեծաթիվ բնակիչները կայրաներն են, որոնք բադի մեծության, երկարակտուց, սև-սպիտակ թռչուններ են։ Յուրաքանչյուր կայրա, իր համար տեղ «նվաճելով» ժայռի ծայրերին, մերկ քարին ածում է մի հատիկ ձու և, որպեսզի ձուն ծայրից չգլորվի, այն շրջանակում են մանրիկ քարերով։ Ծնողները հերթով թուխս են նստում, իսկ հետո էլ կերակրում ձվից դուրս եկած աղվամազ ճուտիկին։ Կայրաներն այնքան լավ են հիշում թռչնաշուկայի իրենց տեղը, որ տարիներ շարունակ բնադրում են միևնույն տեղում։ Գիտնականները դա պարզել են թռչուններին օղակավորելու միջոցով։ Ծայրերի վրա կայրաների հետ կողք կողքի բնադրում են սպիտակ եռամատ որորները, սև սուզաբադերը, իսկ թռչնաշուկայի վերին հարկերում, ուր փափուկ հող կա, իրենց բներն են փորում թանձրահավերը՝ լայն, կողքերից տափակ կտուցով ծանրաշարժ թռչունները։ Նրանց կտուցը շատ հարմար է բույն փորելու համար։ Իսկ ինչպե՞ս են կարողանում այդքան կեր հայթայթել միևնույն տեղում ապրող, իրար կպած այդ անհամար թռչունները։ Այստեղ շատ կեր կա՝ թե՛ ձկներ, թե՛ ծովի այլ բնակիչներ, որոնք որսալու համար թռչունները սուզվում են ջրի խորքը։ Նման կուտակներով, անմատչելի ժայռերի վրա ապրելն էլ իր առավելություններն ունի՝ թռչունները լավ պաշտպանված են լինում բազմաթիվ գիշատիչներից։ Սակայն կայրաները, թանձրահավերն ու եռամատ որորները թշնամիներ ունեն հենց թռչնաշուկաներում։ Սրանց մոտերքում բնադրում են խոշոր որորները՝ բուրգոմիստրները, երկարապոչ հյուսիսային ուրուրները։ Նրանք սովոր են օգտվել ուրիշի աշխատանքից։ Տեսնելով որսով լի որովայնով ծանրորեն դեպի բույնը թռչող կայրային կամ եռամատ որորին՝ բուրգոմիստրը կամ հյուսիսային ուրուրը նրան ընդառաջ է նետվում և օդում գրոհում զոհի վրա։ Խեղճ կայրային ուրիշ ոչինչ չի մնում անելու, բացի կերկուրը գցում է ներքև, և բուրգոմիստրը ճարպկորեն որսում է վայր ընկնող կերը։ Այսպես այդ մեծ որորները «տուրք են հավաքում» թռչնաշուկայի բնակիչներից։ Թռչնաշուկաների վայրերում բնակվող տեղացիները տարիներ շարունակ ձու են հավաքել այնտեղ։ Հետևանքը եղել է այն, որ շատ թռչնաշուկաներ նոսրացել են կամ վերացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։