Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կատու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Collage of Six Cats-02.jpg

Բոլոր ընտանի կատուներն առհասարակ նման են իրար, թեև մարդիկ բուծել են նոր ցեղեր, սիբիրական՝ խոշոր ու փափկամազ, անգորական շատ նուրբ ու փարթամ մազածածկով, սիամական՝ հարդավարդագույն երանգով, երկնագույն աչքերով և մուգ նշաններով։

Կա, նույնիսկ, կարճապոչ կատուների ցեղ, որոնք, ճիշտ լուսանի նման, ականջների ծայրին վրձնանման մազափնջեր ունեն։

Բոլոր կատուներն էլ հիանալի որսորդներ են։ Ուշադիր հետևեցեք ընտանի կատվին։ Չնայած նա երկար ու ձիգ տարիներ ապրել է մարդու կողքին, բայց իր վայրի սովորությունները չի կորցրել։ Ինչպիսի ճարպկությամբ է փիսիկը որսում թելի ծայրին կախված կծիկը։ Նախ պահ է մտնում, ապա գաղտագողի մոտենում է, ակնթարթորեն ցատկում, և կծիկն արդեն նրա ճանկերում է։ Կատուների ճանկերը ներքաշվող են. գաղտագողի մոտենալիս նրանք ճանկերը հավաքում են փոքրիկ բարձիկների մեջ, բայց, վա՜յ, եթե խրեն որսի մարմնի մեջ. նա այլևս դուրս չի պրծնի այնտեղից։ Խաղալիս կատուն հազվադեպ է գործի դնում ճանկերը, պաշտպանվում է միայն փափուկ, «թավշե» թաթերով, բայց եթե զայրացնե՜ս... Մի՛ նեղանա, ինքդ ես մեղավոր։

Ընտանի կատուները շատ նման են իրենց վայրի ցեղակիցներին՝ շերտավոր վագրին, արքայական առյուծին։ Նրանք միևնույն՝ կատվազգիների ընտանիքից են։ Ընտանի կատուն երկար ու փառավոր պատմություն ունի։ Երբ մարդիկ սկսեցին զբաղվել երկրագործությամբ, աշնան բերքի պաշարը պահում էին շտեմարաններում ու ամբարներում։ Բայց արի ու տես, որ այդ բերքի մի զգալի մասը առնետների ու մկների բաժին էր դառնում։ Նրանցից ազատվելու համար մարդն ընտելացրեց կատվին։ Հին Եգիպտոսում կատվին նույնիսկ սուրբ կենդանի էին համարում։

Ճիշտ է, կատուներն ապրում են մարդու կողքին, բայց որ նրան ծառայեին, ինչպես շունը, ներեցե՜ք, դա արդեն «կատվային օրենքներից» դուրս բան է։ Ինչպես վայրի անտառներում և մացառուտներում, կատուները որսի են դուրս գալիս երեկոյան Թո՛ղ շունը քնի կամ պահպանի տունը, կատուն իր գործն ունի։ Նա կարող է համբերությամբ, ժամերով հսկել մկան բույնը. միայն պոչի ծայրն է ցնցվում ու մատնում նրա լարված վիճակը։ Բավական է, որ մուկը կամ առնետը գլուխը դուրս հանի... մի ցա՛տկ, և աշխարհից մի կրծող էլ պակասեց։

Զարմանալի մաքրասեր են այս կենդանիները։ Նրանք մաքրում են անգամ իրենց ձագերի աղտոտությունները, մինչև որ սրանք կսովորեն հատուկ տեղում հոգալ իրենց պետքերը։ Կատուն շատ խնամքով է լվացվում, և կուշտ ու առողջ կատվի մորթին մետաքսի նման փայլում է։ Շատ հաճելի է, երբ տանը, վառարանի կողքին հանգիստ մռռում է կատուն։