Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լուսան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լուսանը ընտանի կատվի ցեղակիցն է, թեև նրան քիչ է նման։ Եվ բանը միայն այն չէ, որ լուսանն անհամեմատ ավելի խոշոր է, երբեմն մեկուկես մետր երկարությամբ։ Կատվի մարմինը ձգված է, ոտքերն էլ կարճ են։ Մինչդեռ լուսանի մարմինը, ընդհակառակը, կարճ է, իսկ ոտքերը երկար են և ուղիղ։ Լուսանի ականջները վերջանում են երկար, վրձնաձև մազափնջերով, իսկ այտերին թավ այտամորուսներ կան։ Գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են, իսկ լուսանինը կարճ է, ասես, հատած լինի։ Կատվի մատները հատ-հատ են, լուսանինը միացած մի ընդհանուր թաղանթով։ Կատվի շարժումները փափուկ են, շողոքորթ, լուսանինը՝ հաստատուն, և ոտքերն էլ դնում է ուղիղ, ինչպես շունը։ Կատուները չեն կարող երկար ու արագ վազել, թերևս միայն շնից փրկվելու համար վազեն մինչև մոտակա ծառը կամ ցանկապատը, մինչդեռ լուսանը, իր թաղանթավոր թաթերի շնորհիվ, կարող է արագ վազել նույնիսկ փխրուն ձյան վրայով։ Այնուհանդերձ, լուսանը կատու է։ Նա հրաշալի ծառ է մագլցում, տեսնում մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա հիանալի լսողություն ունի և թույլ հոտառություն։ Լուսանը կարող է անաղմուկ, գաղտագողի մոտենալ և ժամերով համբերությամբ դարան մտնել։ Նրա ավարն են դառնում ցախաքլորները, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Լուսանի ձագուկները շատ նման են փիսիկների, բայց երկու-երեք շաբաթական, դեռևս կաթնակեր լուսաններն արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ Երկու ամսական հասակում նրանք մոր հետ լքում են որջը, և թափառական կյանք սկսում։