Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Առյուծ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Առյուծ

Աֆրիկյան սավաննայի վրա իջավ գիշերը: Գյուղում քուն մտան մարդիկ, փարախներում հանդարտվեցին այծերն ու ոչխարները, ննջել սկսեցին կապված ձիերն ու ուղտերը: Եվ հանկարծ լսվեց մի մռնչյուն, կարծես ամպրոպ ճայթեց: Արթնացան մարդիկ, խուճապահար եղան կենդանիները: Իսկ ահեղ, ամեն ինչ ցնցող մռնչյունը կրկնվեց, գազանների արքա առյուծն է, որ որսի է ելել։ Զուր չեն նրան այդպես անվանել։ Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե մեկը համեմատվի առյուծի հետ: Նա չի թաքնվում, գաղտագողի չի հարձակվում զոհի վրա: Առյուծը հպարտ նախազգուշացնում է՝ զգուշացեք, գազաններ, որսի եմ ելել։ Զգուշացիր, վարազ և դու, շերտավոր վագերաձի, արագավազ այծքաղ և հզոր գոմեշ: Զգուշացեք բոլորդ, առյուծը կարող է նույնիսկ գյուղ ներխուժել և վախեցած մարդկանց աչքի առաջ քարշ տալ տանել մատղաշ ցլիկի կամ կովի։ Երկար ժամանակ առյուծներն իրոք որ աֆրիկյան սավաննաների տիրակալներն էին։ Տեղի բնակիչները հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ահա եկան հրացանավոր մարդիկ և առյուծներին արդեն չէին կարող փրկել ոչ ուժն ու ճկունությունը, ոչ էլ համարձակությունն ու թաքնվելու հմտությունը: Շատ շուտով նրանց գրեթե լրիվ ոչնչացրին: Այժմ առյուծները պահպանվել են Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում և արգելանոցներում, ինչպես նաև, շատ քիչ քանակությամբ Հնդկաստանում:

Սկզբում կարծում էին, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվեց հակառակը: Պարզվեց որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում էին հիվանդ, թույլ կենդանիներին, և այդ պատճառով էլ վարակիչ հիվանդություններն այդքան չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար, այն էլ հատուկ թույլտվությամբ: Առյուծներն անազատ պայմաններին հարմարվում են արագ և նույնիսկ, բազմանում են:

Առյուծի նորածին ձագուկները՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են, մոտավորապես 30 սմ երկարությամբ, խայտաբղետ, հետո մեծանալով, նրանք դառնում են միագույն: