Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լիբանան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Լիբանանի դրոշը

Այս փոքր արաբական պետությունը գտնվում է Արևմտյան Ասիայում՝ Մերձավոր Արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Լիբանանի բնությունը գեղեցիկ է ու բազմազան։ Հյուսիսից հարավ երկիրը կտրում անցնում են երկու լեռնաշղթաներ։ Արևմտյան լեռնաշղթան՝ Լիբանանը, ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով, ծովի ու լեռների միջև մնում է մի նեղ առափնյա հողաշերտ՝ նարնջենու կանաչ անտառակներով ու ադամաթզենու (բանանի) պլանտացիաներով։ Զառիթափ լեռնալանջերը (լեռնագագաթները տեղ-տեղ հասնում են 2500—3000 մ բարձրության) հարուստ են անտառներով, որտեղ աճում են կաղնի, թխկի, դափնի, սոճի, վայրի ձիթենի և, իհարկե, լիբանանյան հայտնի մայրին, որը պատկերված է, նույնիսկ, հանրապետության դրոշի վրա։ Երկրի արևելյան մասում, Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ձգվում են Անդրլիբանանի մերկ ու անհրապույր լեռները։ Այս երկու զուգահեռ լեռնաշղթաների միջև ընկած Բեքաա հովտով հոսում է երկրի ամենամեծ գետը՝ Լիտանին։ Հովտի հարավային մասը իրավամբ համարվում է Լիբանանի շտեմարանը, որտեղ մշակվում է անգամ ամենափոքրիկ հողակտորը։ Լիբանանի կլիման մերձարևադարձային է՝ չոր ամառով ու խոնավ ձմեռով։ Ծովափնյա շրջաններում աճում են ցիտրուսայիններ, ադամաթզենի, ծովահայաց լեռնալանջերին՝ խաղող, ձիթենի, ավելի վեր՝ խնձորենի, դեղձենի, սալորենի, տանձենի և այլն։ Հարթավայրերում մշակում են ցորեն, ծխախոտ, կարտոֆիլ։ Հողը հիմնականում գտնվում է կալվածատերերի ձեռքին, որոնք այն վարձակալությամբ տալիս են գյուղացիներին (ֆելլահներին)։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Հիմնական ճյուղերն են՝ տեքստիսննդի, փայտամշակման, շինանյութերի, կաշվի-կոշիկի, ծխախոտի արդյունաբերությունը։ Նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ մասամբ պատկանում են օտարերկրացիներին։ Շատ լիբանանցիներ աշխատանք գտնելու համար ստիպված են հեռանալ այլ երկրներ, քանի որ Լիբանանի տնտեսությունը կախված է Արևմուտքի և Արաբական Արևելքի կապիտալիստական երկրներից։ Երկրի ազգային եկամտի գերակշիռ մասը գոյանում է առևտրից, բանկային գործից ու տուրիզմից։

Մայրաքաղաք Բեյրութը, որ երբեմն անվանում են «Արևելքի Փարիզ», մեծ ու աղմկոտ նավահանգստային քաղաք է, Մերձավոր Արևելքի ֆինանսա-առևտրական խոշոր կենտրոն։ Մինչև 1970-ական թվականների 2-րդ կեսը աշխարհի բոլոր կողմերից ինքնաթիռներով ու նավերով Բեյրութ էին գալիս զբոսաշրջիկներ ու բիզնեսմեններ զվարճանալու, գործարքներ կնքելու, հիանալու փյունիկյան ու հռոմեական քաղաքների ու բերդերի փլատակներով, հազվագյուտ հուշարձաններով, որոնցից ամենատպավորիչը հին Հելիոպոլիս (այժմ՝ Բաալբեկ) քաղաքի ավերակներն են։ Այո, դեռևս շատ վաղուց այս հարուստ երկիրը իր աշխույժ վաճառաշահ քաղաքներով ու բնական հարստություններով գրավել է առևտրականների ու նվաճողների ուշադրությունը։ Ովքեր ասես, որ չեն եղել այստեղ փյունիկեցիներն ու ասորեստանցիները, բաբելացիք ու պարսիկները։ Մեր թվականությունից առաջ 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին այստեղից է սկսել իր հայտնի արշավանքը դեպի Հնդկաստան։ Ավելի ուշ այստեղ եկան հռոմեացիները, արաբները, եվրոպական խաչակիրները, ապա՝ թուրքերը, իսկ առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թվականներ) հետո՝ ֆրանսիացիները։ Լիբանանը անկախություն ստացավ միայն 1943 թ.։

Լիբանանի հիմնական բնակչությունը արաբներն են։ Նրանցից բացի, այնտեղ ապրում են հայեր, քրդեր, հույներ, թուրքեր, պարսիկներ։ Ի տարբերություն արաբական մյուս երկրների, մահմեդականությունը Լիբանանում պետական կրոն չէ։ Բնակչության կեսը քրիստոնյաներ են։ Այդ հանգամանքը իր արտացոլումն է գտել նաև երկրի պետական կառուցվածքի մեջ. հանրապետության պրեզիդենտը (կամ պետության գլուխը) քրիստոնյա է, պրեմիեր մինիստրը (կամ կառավարության ղեկավարը)՝ մահմեդական։ Պետության օրենսդիր մարմնում (պառլամենտում) նույնպես տեղերը բաժանված են, համապատասխանաբար, կրոնական այդ երկու խմբավորումների միջև։

Դեռևս հնում հայ վաճառականները Լիբանան էին բերում գինի, մրգեր, որդան կարմիր ներկը և այլ ապրանքներ։ Արդեն 12—13-րդ դարերում այդ երկրի նավահանգստային քաղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք ստվարանում են այն ժամանակ Լիբանանի հարևանությամբ գտնվող Կիլիկիայի հայկական պետության անկումից (14-րդ դար) հետո։ Հայերի առավել մեծ հոսքը Լիբանան տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հետո, երբ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, փրկվելով թուրքական ջարդերից, ապաստան գտան այնտեղ։ 1946—1947 թվականներին հազարավոր լիբանանահայ ընտանիքներ ներգաղթեցին Սովետական Հայաստան։ Այժմ նույնպես Լիբանանի հայ գաղութը խոշորագույնն է Մերձավոր Արևելքում՝ 250 հզ․ հայ, որոնք ապրում են, հիմնականում, Բեյրութ, Տրիպոլի, Ջահլե քաղաքներում։ Նրանք ունեն հարյուրավոր մշակութային ու մարզական կազմակերպություններ, թերթեր, ամսագրեր, եկեղեցիներ։ Այստեղ գործում են 60-ից ավելի հայկական դպրոցներ։ Լիբանանի հայ համայնքը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի հետ։