Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զվարթնոց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Zvart1.jpg

Երևան–էջմիածին ավտոմայրուղու ձախ կողմում կա մի կոթող-ուղեցույց, որն ստեղծել են տաղանդավոր արվեստագետներ Երվանդ Քոչարն ու Ռաֆայել Իսրայելյանը։ Բարձր պատվանդանին խրոխտ կեցվածքով թառել է քարե արծիվը, իսկ նրա ներքևում փորագրված է «Զվարթնոց»։ Եթե քայլես կոթողի մոտից սկիզբ առնող ճանապարհով, կհասնես ինչ-որ փլատակների։ Դրանք պատերի 1-2 շարքեր են, բեկված սյուներ, խոյակներ, խճանկարի ու որմնանկարի մնացորդներ։ Միջնադարյան հայ ճարտարապետության սքանչելի կառույցներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի, ավերակներն են։ Զվարթնոցի տաճարը, որը կոչվել է նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև նրանից ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը, կառուցել է տվել Հայոց Ներսես Գ. Շինող կաթողիկոսն իր գահակալության տարիներին՝ 641-661 թվականներին։ Տաճարը երկար կյանք չի ունեցել։ 10-րդ դարի վերջերին այն կործանված էր արդեն։ Եվ հայ պատմիչների՝ մեզ հասած վկայությունները կմնային միայն, եթե 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները չբացվեին հողի դարավոր շերտերի սոսկից և չխոսեին նրա երբեմնի փառահեղ տեսքի մասին։

Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության, Զվարթնոցի տաճարը ներկայանում է որպես եռաստիճան, ուղղաձիգ առանցքի շուրջը հետզհետե նվազող կլոր ծավալներից կազմված կենտրոնագմբեթ շինություն՝ մոտ 45 մ բարձրությամբ։

Տաճարը կառուցված է եղել դարչնագույն, բաց մոխրագույնից մինչև սև երանգի տուֆից։ Ունեցել է հինգ մուտք։ Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր, բազմաթիվ ծաղկաբույլեր, զանազան զարդաքանդակներ։ Դրանք կամարաղեղների և զարդագոտիների ձևով երիզել են տաճարի ճակատային հարթությունները, պատուհանները, շքամուտքերը, քիվերը։ Հարավային մասում տեղադրված է եղել արևային բոլորակ ժամացույց։ Կամարաղեղների միջև գտնվել են հոգևոր և աշխարհիկ անձանց բարձրաքանդակներ։ Դրանցից մեկի վրա պահպանվել է Յոհան անունը։ Ենթադրվում է, որ նա է եղել Զվարթնոցը կառուցած գլխավոր վարպետը` ճարտարապետը։ Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը միանգամայն նոր տիպի կառույց էր։ Այն աչքի է ընկել հորինվածքի պարզությամբ ու հստակությամբ, ձևերի տրամաբանվածությամբ, հարդարանքի գեղատեսիլությամբ ու կենսուրախությամբ։ Գուցե, այս վերջին հանգամանքի հետ էլ կապված է նրա անունը` Զվարթնոց։ Տաճարը ներդաշնակորեն միաձուլված է եղել շրջապատող բնությանը։ Ինչպես Թ. Թորամանյանն է գրում, Զվարթնոցում «... կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին»։ Այնքան մեծ է եղել Զվարթնոցի կառուցողական արվեստի ազդեցությունը, որ հետագայում զվարթնոցատիպ տաճարներ են կառուցվել Հայաստանի շատ բնակավայրերում։ Մենք գորովանքով ենք պահպանում Զվարթնոցի ավերակները, նրա անունով կնքում օդանավակայան, հանդես, հասարակական շինություն ու արտադրանք։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են լինում Զվարթնոցում, սքանչանում նրա վեհաշուք ավերակներով` հիացմունքի խոսքեր հղելով հայ ժողովրդի մեծագործ քանքարին, իսկ հուշարձանի մոտ կառուցված թանգարանում ծանոթանում պեղումներից հայտնաբերված նյութերին։ Զվարթնոցի մասին ժողովուրդը մի շարք զրույցներ է հյուսել, այն ներկայումս էլ ոգեշնչման աղբյուր է մեր շատ գրողների, բանաստեղծների, նկարիչների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։