Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թորոս Թորամանյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Թորոս Թորամանյանը Անիում 1907թ..jpg

Մոտ 80 տարի առաջ Էջմիածին քաղաքից ոչ հեռու գտնվող Զվարթնոցի հռչակավոր տաճարի ավերակների մոտ մի խումբ մարդիկ տաք-տաք վիճում էին տաճարի վերակազմության նախագծի շուրջ, որ առաջարկել էր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

Զվարթնոցի տաճարը 10-րդ դարի վերջերին կործանված էր, և նրա ավերակները մինչև 20-րդ դարի սկիզբը թաղված էին հողի հաստ շերտի տակ։ Ոչ ոք չգիտեր, թե այն ինչպիսին է եղել։ Երկարատև պեղումներից հետո, հենվելով հուշարձանի մնացորդների ուսումնասիրության փաստական տվյալների վրա, Թորամանյանը տաճարի սկզբնական տեսքը պատկերեց իբրև մի եռահարկ, կլոր, աստիճանաձև շինություն՝ արտաքին շքեղ հարդարանքով։ Չնայած վերակազմության հիմնավորվածությանը, այն առաջ բերեց միայն տարակուսանք ու թերահավատություն, իսկ նրա հեղինակը քննադատվեց։

Զվարթնոցի վերակազմության նախագծի վերաբերյալ տարակուսանքները փարատվեցին միայն այն բանից հետո, երբ հայ մշակույթի մեծ երախտավոր, անվանի գիտնական Նիկողայոս Մառի ջանքերով 1906 թ. Անիում, Զվարթնոցի նմանօրինակ հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ տաճարի պեղումների ժամանակ, գտնվեց Գագիկ թագավորի արձանը՝ ձեռքին տաճարի մանրակերտը։ Այն ուներ նույն տարածական հորինվածքը, ինչ որ Զվարթնոցի տաճարը վերակազմության նախագծում։

Այդ ժամանակ Թորամանյանն արդեն տեսական և գործնական լավ դպրոց էր անցել։ Ծննդավայրի՝ Շապին-Գարահիսարի, հայկական դպրոցում սովորելուց հետո նա ճարտարապետական բարձրագույն կրթություն էր ստացել Կոստանդնուպոլսի գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում։ 1893 թվականին ավարտելով վարժարանը՝ զբաղվել էր նախագծման աշխատանքներով սկզբում Կոստանդնուպոլսում, ապա՝ Բուլղարիայում և Ռումինիայում, մասնագիտության մեջ խորացել էր Փարիզում, եղել էր Հռոմում, Հունաստանում, Եգիպտոսում։

Կյանքի շուրջ 30 տարիները նվիրաբերելով իր փայփայած գործին՝ նա փլատակների ու մոռացումի փոշիների տակից հանեց և վերակենդանացրեց ոչ միայն Զվարթնոցի տաճարը, այլև միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ՝ եկեղեցիներ, պալատական շենքեր, հյուրատներ, բնակելի տներ, կարավանատներ, կամուրջներ, որոնցից շատերի մասին մենք իմացել ենք միայն նրա ուսումնասիրությունների շնորհիվ։

Թորամանյանի գործունեությունը հատկապես արգասաբեր եղավ 1905—1909 թվականներին, երբ Մառի գլխավորած հնագիտական արշավախմբի կազմում մասնակցում էր Անի քաղաքի պեղումներին։

Թորամանյանը հիմնավորապես ցույց տվեց հայկական ինքնուրույն ճարտարապետության գոյությունը։ Նրա աշխատությունների շնորհիվ ռուս և արևմտաեվրոպական շատ գիտնականներ վերանայեցին իրենց սխալ տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ։ Այն, ինչ արեց Կոմիտասը երաժշտության բնագավառում՝ հայ ազգային երգերը հավաքելու, մշակելու և աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, նույնն արեց Թորամանյանը ճարտարապետության բնագավառում հուշարձանները հայտնաբերելու, ուսումնասիրելու, դրանց միջազգային ճանաչում բերելու առումով։ Նա իրավամբ համարվում է հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը։ Թորամանյանը ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը և արժեքավորմանը զուգահեռ մեծ գործ կատարեց նաև դրանց պահպանման, վերականգնման և ժողովրդականացման ուղղությամբ։ Նրա ստեղծագործական սերտ կապը և բարեկամությունը Ալեքսանդր Թամանյանի հետ ունեցան փոխադարձ բարերար նշանակություն. Ժամանակակիցները վկայում են Թորամանյանի բացառիկ համեստության ու պարզության մասին։ Նա իր արտաքինով և առօրյա կենցաղով քիչ էր տարբերվում այն գեղջուկներից, որոնք օգնում էին նրան պեղումների ու չափագրությունների ժամանակ։ Գիտնականի բնավորության այդ գծերը առանձնակի շեշտված են Մարտիրոս Սարյանի կերտած հիանալի դիմանկարում։

Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը՝ երկու ստվարածավալ հատորներով, լույս տեսավ գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով։ Ճայ ճարտարապետության ուսումնասիրության բնագավառում աչքի ընկած գործիչներին խրախուսելու նպատակով 1949 թ. սահմանվել է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ. Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ «Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի։ Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»,–նրա մասին ասել է Ավ. Իսահակյանը։