Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկրաբան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
WasatchFault.JPG

Երկրի ընդերքում կան նավթ, քարածուխ, մետաղների հանքաքարեր, միներալներ, շինարարական ու թանկարժեք քարեր և, նույնիսկ, ջուր։ Այդ հարստություններն ուսումնասիրում և գտնում են երկրաբանները՝ Երկրի ընդերքի հետախույզները։ Իսկական երկրաբանը պետք է լինի բավականին ուժեղ ու տոկուն, համարձակ ու հաստատակամ։ Երկրաբաններն ապրում են վրաններում։ Նրանք ոտքով կտրում անցնում են հարյուրավոր կիլոմետրեր, լողալով անցնում հորդառատ գետեր, ծանր ուսապարկերով մագլցում լեռնային զառիթափերով։ Նրանց կյանքի գլխավոր օրենքն է՝ բարեկամություն, փոխօգնություն, հավատարմություն։ Առաջներում Երկրի ընդերքը հետախուզում էին բրիչով, բահով, հորատով։ Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են բարդ սարքերը։ Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները։ Եվ նույնիսկ հաշվարկներն այժմ կատարում են էլեկտրոնային հաշվողական մեքենաները։

Երկրաբանությունը՝ Երկրի կեղևի մասին գիտությունը, շատ բարդ է։ Երկրաբանը պետք է իմանա ֆիզիկա ու քիմիա, աշխարհագրություն ու կենսաբանություն, մաթեմատիկա ու պատմություն։ Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն։ Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի առջև։ Այստեղ՝ գրասեղանի առջև, նա համեմատում է հազարավոր զանազան նմուշների, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրությունների վերաբերյալ եղած տեղեկությունները։ Այստեղ նա կազմում է սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ։ Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև, մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը՝ որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ինչպե՞ս ավելի հարմար կլինի նրան հասնելը։