Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Քարածուխ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների՝ սոճուտների, կեչուտների, եղևնուտների, կաղնուտների տեղում բարձրանում էին բոլորովին այլ տեսակի վիթխարի ծառեր։ Այդ հեռավոր ժամանակներում երկրագնդի կլիման խոնավ էր ու տաք։ Ճահճոտ հողերում աճում էին փարթամ խոտեր ու խիտ, ճոխ սաղարթով հսկա ծառեր։

Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահանում էին, ընկնում ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճում էին նորերը, որոնք նույնպես մահանում էին և ընկնում նախորդերի վրա։ Աստիճանաբար կուտակվում էր ծառերի մնացորդների հաստ մի շերտ, որը ծածկվում եր գետերով հարթավայրեր բերող տիղմով ու ավազով։ Միլիոնավոր տարիների ընթացքում դրանց ծանրության տակ, ջերմության ազդեցությամբ և օդի բացակայությամբ ծառերի մնացորդներն աստիճանաբար փոխակերպվել են քարածխի։

Քարածուխը հաճախ անվանում են արեգակնային պահածո։ Արեգակն իր էներգիան փոխանցում էր հնագույն բույսերին, որոնք այդ էնեգիայի օգնությամբ պարզ նյութերից՝ ջրից, ածխաթթվական գազից և հանքային աղերից, ստեղծում էին բարդ նյութեր, իրենց կենդանի մարմինը։ Միլիոնավոր տարիներ քարածուխը գտնվում էր Երկրի ընդերքում։ Եվ միայն այժմ, այրվելով, այն ջերմության ձևով մեզ է տալիս հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի կուտակած էներգիան։

Քարածուխը հրաշալի վառելանյութ է։ Այն շատ ավելի ջերմություն է տալիս, քան փայտը։ Բայց քարածուխը վառելանյութ չէ միայն։ Այն քիմիական հրաշալի հումք է։ Նրանից ստանում են բազմաթիվ պիտանի նյութեր, այդ թվում՝ պոլիմերներ, ու դեղանյութեր։