Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դեմիրճյան Դերենիկ Կարապետի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1877-1956[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի մուկիկ կար, անունը Պույպույ: Ապրում էր այդ Պույպույը «Հնդստանի անտառում», որտեղ կոկոսյան արմավենիներ շատ կային: Մի օր էլ միտք է անում Պույպույը.

Տունս կոկոս ծառի տակ,

Բերան չունեմ, թե ճաշակ,

Ճանճ կերել եմ, ծեղ կերել,

Տեսնեմ կոկոսի համն էլ:

Անշուշտ, հիշեցիք ուրախ պատմությունը Պույպույ մուկիկի մասին, որ գրել է Դերենիկ Դեմիրճյանը, երբ ճանաչված գրող էր արդեն։ Բազմաթիվ բանաստեղծությունների և պատմվածքների հետ միասին նա լույս էր ընծայել իր «Քաջ Նազարը» ժողովրդական ծաղր ու ծիծաղով լի, հյութեղ և իմաստուն կատակերգությունը, ուր ոչնչացնող ծաղրի է ենթարկել պատահականորեն իշխանության գլուխ անցած բախտախնդիրներին։

Դեմիրճյանը ծնվել է Վրացական ՍՍՀ-ում գտնվող Ախալքալաք քաղաքում։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում երաժշտություն ուսանելու նպատակով 1903 թ. Դեմիրճյանը մեկնում է Մոսկվա, իսկ 1905-1910 թվականներին նա սովորում և ավարտում է Ժնևի համալսարանը։ Դեմիրճյանի համար գրական ուսումնառության կարևոր կենտրոն էր Թումանյանի «Վերնատունը»։

1925 թ. Դեմիրճյանը տեղափոխվում է Երևան, մասնակցում Սովետական Հայաստանում ծավալվող կուլտուրական շինարարության աշխատանքներին: Դեմիրճյանը հայ արձակի և դրամատուրգիայի ակնառու դեմքերից է և դժվար է պատկերացնելն անգամ, որ նա գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ, նախքան արձակին անցնելը հրատարակել բանաստեղծությունների մի քանի ժողովածու, «Անցյալի ուրուներ» խորագրով հրատարակված նրա մի շարք պատմվածքներին հաջորդեցին արդեն սովետական շրջանում գրած նոր պատմվածքներե ու վիպակները, ինչպես «Հանգստի տանը», «Կրասնարմեյցը», «Կայարանի Ակոբը», «Ռաշիդ», «Նիգյար»: 1941 թ., երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց մեր երկրի վրա, հայրենասեր գրողը գրվեց աշխարհազորային, հագավ զինվորական համազգեստ, բայց նրան թույլ չտվեցին ռազմաճակատ մեկնել: Հայրենիքի հանդեպ իր պարտքը Դեմիրճյանը կատարեց գրչով՝ ստեղծելով իր «գրքերի գիրքը»՝ «Վարդանանք» պատմավեպը: Այդ ստեղծագործությամբ հեղինակը ոչ միայն ռազմաճակատում կռվող մարտիկներին, այլև բոլոր մարդկանց կոչում էր հայրենասիրության ու խիզախության: Վեպում նկարագրված է 5-րդ դարում հայ ժողովրդի հերոսական պայքարը պարսկական զավթիչների դեմ: «Վարդանանք»-ում ժողովրդի իղձերի ու ցանկությունների արտահայտիչ քաջ զորավար Վարդան Մամիկոնյանն ու նրա զինակիցները՝ Վարդանանք, կենաց և մահու պայքարի են ելնում հանուն հարազատ ժողովրդի ու հայրենիքի փրկության, որ կանգնած էին ոչնչացման եզրին Վարդանի և նրա զինակիցների քաջությունն ու խիզախությունը այսօր էլ դաստիարակում են մեզ հայրենասիրության ոգով, մղում անձնազոհության՝ հանուն հայրենիքի:

Դ. Դեմիրճյանը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: Հարուստ է Դեմիրճյանի գրական ժառանգությունը: «Ավելորդը», «Քաջ Նազար», «Գիրք ծաղկանց», «Վարդանանք» գործերը, ինչպես և նրա մյուս պատմվածքները, վիպակներն ու պիեսները զարդարում են հայ ընթերցողի գրադարանը և հայ գրականության մեծարժեք գործերից են: Այդ բոլորի հետ կողք կողքի ապրում է ուրախ «Պույպույ մուկիկը»՝ մեր մանուկների ամենասիրելի գրքերից մեկը: