Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դպրոց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դպրոց վայր, որտեղ երեխաները գիտելիք են ստանում: Հայաստանի դպրոցներում կրթություն են ստանում 12 տարի: 1-4-րդ դասարանները կոչվում են տարրական դպրոց, 5-9-րդ դասարանները կոչվում են միջին դպրոց իսկ 10-12-րդ դասարանները կոչվում են ավագ դպրոց: «Դպրոց» բառն առաջացել է «դպիր» բառից, որ հնում նշանակել է գրագետ մարդ, գրագիր, քարտուղար։ Դուք, անշուշտ, երբեք չեք մոռանա դպրոցական ձեր առաջին օրը: Սեպտեմբերյան արևոտ առավոտ է: Բոլոր դասարանները շարված են դպրոցի մոտ: Ամենուր ծաղիկներ են, ժպիտներ, խնդուն դեմքեր: Այստեղ դուք առաջին անգամ տեսնում եք ձեր համադասարանցիներին, ծանոթանում ուսուցչուհու հետ: Ձեզ՝ առաջին դասարանցիներիդ, ջերմ, բարի խոսքերով դիմում են ուսուցիչները, դպրոցի դիրեկտորը, ծնողները: Հնչում է դպրոցական առաջին զանգը ձեր կյանքում: Իսկ գարնանը, աշակերտների նույնպիսի մի հանդիսավոր հավաքի ժամանակ, նորից կհնչի դպրոցական զանգը, այս անգամ արդեն վերջինը ձեր ավագ ընկերների՝ տասներորդ դասարանցիների կյանքում։ Դա ձեր ուղին է, առաջինից մինչև տասներորդ դասարան: Ձեր կյանքի տասը տարին կապված կլինի դպրոցի հետ: Այդ տասը տարիների ընթացքում դուք շատ բան կիմանաք, շատ բան կսովորեք, սկզբում հոկտեմբերիկներ կլինեք, հետո՝ պիոներներ և կոմերիտմիության անդամներ։ Եվ միշտ ձեր կողքին կլինի ձեր ամենագլխավոր ղեկավարն ու բարեկամը՝ ուսուցիչը: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի ծրագիր, որով նախատեսվում է, թե ինչ պետք է սովորեցնել առաջին դասարանցուն, երկրորդ դասարանցուն... և առհասարակ դպրոցում սովորող բոլոր երեխաներին, Սովետական Միության բոլոր դպրոցների համար այդ ծրագրերը միասնական են։ Կուսակցության և կառավարության որոշմամբ բոլոր դպրոցականներն ապահովվում են անվճար դասագրքերով, ինչ նախատեսված է ԽՍՀՄ նոր սահմանադրությամբ: Դպրոցն ունի «Կանոններ սովորողների համար». չէ՞ որ եթե աշակերտը ջանասիրաբար չսովորի, իրեն օրինակելի չպահի, ակտիվորեն չմասնակցի դասարանի, խմբի, ջոկատի, դպրոցի կյանքին, ապա կարող է պատահել, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընկերները չկատարեն նշված ծրագրերը: Մինչդեռ դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է լինի գրագետ, կրթված, ձգտի նորանոր գիտելիքների, նվիրված լինի կոմունիստական կուսակցությանն ու ժողովրդին, պատրաստ լինի աշխատանքի: Սրանք էլ հենց դպրոցի գլխավոր խընդիրներն են։ Կուսակցությունն ու կառավարությունը մշտապես հոգում են դպրոցի մասին, որպեսզի այն էլ ավելի լավ գործի և հաջողությամբ կատարի իր խնդիրները։ Իսկ ձեր գլխավոր խնդիրը, սովետական ողջ հասարակության հանդեպ ձեր պարտականությունն է՝ հաստատակամորեն և կատարելապես տիրապետել այն բոլոր գիտելիքները, որ տալիս է դպրոցը: Բազմակողմանի զարգացած, գիտակ մարդիկ միայն կարող են լինել կոմունիզմի ակտիվ կառուցողներ։ Սակայն միշտ չէ, որ դպրոցը մատչելի է եղել բոլոր երեխաներին, և հիմա էլ ամեն տեղ չէ, որ մատչելի է։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մեր երկրում չքավորների երեխաներն, իբրև կանոն, կարող էին ստանալ միայն տարրական կրթություն՝ գրել-կար–դալ սովորել: Դուք, հավանաբար, «Պիոներ կանչ»-ում կարդացել եք այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ում առաջադեմ ուժերը պայքարում, որպեսզի բոլոր երեխաները միատեսակ կրթություն ստանան՝ անկախ մաշկի գույնից, բնակչության հարուստ կամ ունեզուրկ խավերին պատկանելուց։ Բոլոր երկրների աշխատավորների համար սովետական դպրոցն օրինակ է ծառայում։ Դուք պետք է հիշեք այդ և պատվով կրեք սովետական դպրոցականի կոչումը: Հայաստանում հայկական դպրոցներ են բացվել 5-րդ դարի սկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայերեն գրերը: Միջնադարում հռչակված էին Անիի, Տաթևի, Սանահինի, Հաղպատի դպրոցները: Հայկական շատ դպրոցներ են գործել նաև հայ գաղթավայրերում, ինչպես, օրինակ, Լազարյան ճեմարանը Մոսկվայում, Ներսիսյան դպրոցը Թիֆլիսում (Թբիլիսիում): Սովետական իշխանության հաղթանակից հետո Հայաստանը դարձավ համատարած գրագիտության երկիր, դպրոցներ բացվեցին քաղաքներում, գյուղերում, բոլոր բնակավայրերում։ Սովորելու հնարավորություններ ստացան բոլոր երեխաները: Կառուցվեցին նոր, գեղեցիկ դպրոցական շենքեր` ուսուցման ժամանակակից պահանջներին համապատասխանող կաբինետներով, լուսավոր ու ընդարձակ մարզասրահներով։ Հայաստանի դպրոցների մի մասը ունի մասնագիտական թեքում, ուր ընդգրկված են համապատասխան նախասիրությունների տեր երեխաները։