Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արմավենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Leonitis Leonurus.JPG

Հավանաբար, ամեն ոք էլ արմավենի տեսել է, եթե ոչ այգում, ապա գոնե սենյակում թաղարով։ Որոշ արմավենիների բարձր բունը հարթ է, մերկ, մյուսներինը՝ պատած է մեռած, հովհարաձև կամ փետրաձև տերևների քրքրված մնացորդների գորշ խրձերով: Արմավենին աճում է միայն դեպի վեր և վարից վեր, ունենում է գրեթե նույն հաստությունը: Արմավենիների մեծամասնության ծաղիկները մանր են, անհրապույր, բայց ժողովված են խոշոր, մսալի ողկույզներով: Արմավենիներն աճում են սավաննաներում և արևադաձային անտառներում, անապատների օազիսներում: Նրանք ստվեր չեն սիրում, նրանց շատ լույս է անհրաժեշտ:

Արմավենիները լինում են շատ տեսակների, և գրեթե յուրաքանչյուր տեսակ մարդուն որևէ օգուտ է տալիս: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաթիայի և հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով էլ կերակրում են անասուններին: Օվկիանիայի կղզիների բնակիչներին «կերակրում է» կոկոսյան արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կոկոսի կաթ, որը ծարավը լավ հագեցնող, քաղցրահամ հյութ է: Նա նաև շինանյութ է տալիս կացարանների համար: Իսկ նրա հասուն ընկույզների թելքավոր պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Այդ պատյանն անվանում են կոյրա, իսկ հասուն կոկոսյան ընկույզի չորացրած միջուկը՝ կոպրա: Գործարաններում կոպրայից պատրաստում են կոկոսի յուղ։ Կոյրան և կոպրան ծովամերձ արևադարձային շատ երկրների արտահանման հիմնական ապրանքն են:

Եթե կտրենք արմավենու ծաղկաբույլի ցողունը, ապա նրանից կհոսի քաղցր հյութ, որից կարելի է պատրաստել շաքար, մաթ կամ գինի։ Նման քաղցր հյութ ստանում են շատ արմավենիներից։ Յուղ ստանում են ոչ միայն խոշոր կոկոսյան ընկույզներից, այլև աֆրիկյան յուղատու արմավենու՝ ձիթապտղի նման մանր պտուղներից: Արմավենիների մեծ մասի պտուղներն ուտվում են։ Իսկ սագոյան արմավենիների բնի միջուկում կա օսլայաշատ զանգված: Եթե միջուկը մանրացվի և լվացվի, ապա կարելի է ստանալ ալյուր, որից պատրաստում են բլիթներ, շիլա, սագո (սպիտակավուն ձավար): Ինդոնեզիայում և Մելանեզիայում հազարավոր մարդիկ սնվում են սագոյան արմավենու տված բարիքներով։ Կան արմավենիներ, որոնք բուսական մոմ են տալիս։