Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անտառ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Արևադարձային անտառ Տասմանիայում

Անտառը ոչ մեկի թշնամին չէ։ Անտառը բոլորի բարեկամն է։

Գազանների ու թռչունների համար նա հարազատ տուն է և ստնտու։

Դաշտերի համար պահապան է քամուց, հատկապես կիզիչ խորշակից։ Թե չլիներ անտառը, քամին այնպես անկաշկանդ կսուրար, որ դաշտից կքշեր կտաներ հողի ողջ բերրի շերտը, կչորացներ այն։

Անտառը բարեկամն է գետի և նրա բնակիչների ձկների, խեցգետինների, գորտերի։ Երբ մեռնում է անտառը, շատ չանցած ծանծաղում և ցամաքում է նաև գետը։ Ինչու՞ է այդպես։ Գարնանը ձնհալի ջուրը մեկ շաբաթում հոսում հեռանում է դաշտերից։ Իսկ անտառի թավուտում, ծառերի ճյուղերի տակ, ձյունը դեռ մնում է մի ամբողջ ամիս, հալվելով աստիճանաբար։ Ձնհալի ջուրը կուտակվում է մամառածածկույթում, ինչպես սպունգի մեջ, և անտառային առվակները մշտապես ջուր են մատակարարում գետին։

Անտառը բարեկամն է նաև օդի։ Անտառի բույսերը օդը մաքրում են փոշուց ու մրից, հագեցնում թթվածնով։

Մարդու համար անտառն ամենաշռայլ բարեկամն է։ Գերան է տալիս տան, տախտակ՝ սեղանի, վառելափայտ վառարանի համար։ Թուղթ, թաղանթանյութ, լուցկի, բևեկնախեժ, դեղանյութեր դժվար է թվարկել այն ամենը, ինչ տալիս է անտառը, հապա սնկե՞րը, մորի՞ն, հապալա՞սը, ընկո՞ւյզը։ Մարդը երախտապարտ է անտառին բերրի դաշտերի, խոր գետերի, մաքուր օդի համար, չէ որ նա օգտվում է այդ ամենից։ Անտառը նաև մարդկանց է նվիրում իր գեղեցկությունը։ Ե՛կ, հիացիր, որքան ուզում ես, անտառը քեզ չի վտարի։

Ընդարձակ է Սովետական Միությունը, և անտառներն էլ այնտեղ տարբեր են։ Հյուսիսում տարածվում է փշատերև անտառների լայն շերտը։ Այնտեղ աճում են եղևնի եղևին, խեժափիճի, մայրի։ Հետո գալիս է խառն անտառների շերտը, ուր սոճու և եղևնու կողքին աճում են կեչին, կաղամախին, լաստենին։ Ավելի հարավ այդ թվում նաև մեր հանրապետությունում ձգվում են կաղնու, թխկու, լորենու, հացենու սաղարթավոր անտառները։

Անապատներում աճում են սաքսաուլի անտառներ։ Սաքսաուլը ծառ է որի տերևները բարակ ճյուղերի են նման և քիչ խոնավություն են գոլորշիացնում։ Ամենահարավի՝ Միջին Ասիայի լեռների անտառները կարելի է այգիներ անվանել, այնտեղ աճում են ընկուզենի, հոնի, վայրի խնձորենի, տանձենի։

Հարուստ ու գեղեցիկ է անտառը։ Դրա համար ամեն մի ծառ, թուփ ու խոտ պետք է պահպանել, և հատկապես՝ կրակից։ Անտառի պահպանությունը մեր երկրում բնության պահպանության համար տարվող մեծ աշխատանքի կարևոր մասն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։