Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ածխաթթվական գազ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Պաղպաղակ վաճառողի արկղիկին դրված է մի կտոր «սառնամանիք»։ Ցուրտը ասես, քուլա քուլա տարածվում է այդ կտորի շուրջը, ինքը կտորն էլ դանդաղ հալվում է, սակայն ջրի փոքրիկ լճակ չի առաջացնում, ինչպես սովորական սառույցը, այլ ուղղակի փոքրանում է գոլորշիանալով առանց մնացորդի: Դա շատերին լավ ծանոթ չոր սառույցն է:

Վերցնենք մի կտոր չոր սառույց և գցենք դատարկ անոթի մեջ։ Երբ այն լրիվ գոլորշիանա, անոթը շրջենք այրվող մոմի վրա այնպես, կարծես ուզում ենք թափել միջի պարունակությունը։ Մոմը կհանգչի, ասես իրոք ինչ-որ բան են լցրել վրան: Նշանակում է չոր սառույցի «հալվելու» ժամանակ առաջանում է ինչ-որ գազ, որով և լցվում է անոթը։ Պարզ է, որ այդ գազը չի նպաստում այրմանը և, բացի այդ, ծանր է օդից, այդ պատճառով էլ հաջողվում է այն «թափել» անոթից: Դա ածխաթթվական գազն է:

Երբ կրակմարիչի փրփրաշիթը հրդեհի ժամանակ հանգցնում է բոցը, ապա ջրի հետ միաժամանակ ազդում է նաև ածխաթթվական գազը: Այն մարում է կրակն այնպես, ինչպես հանգցրեց մոմը մեր փորձի ժամանակ։ Հենց այդ նույն ածխաթթվական գազն է հաճելիորեն ծակծկում լեզուդ, երբ գազով ջուր ես խմում:

Ածխաթթվական գազը, ջրի մեջ լուծվելով, առաջացնում է ածխաթթու, որը շատ մետաղների հետ գոյացնում է հատուկ նյութեր՝ կարբոնատներ: Դրանցից է մեզ բոլորիս լավ հայտնի սոդան՝ նատրիումի կարբոնատը։ Ածխաթթվի մյուս աղը՝ կալցիումի կարբոնատը, բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից երեք ձևով՝ կավիճ, կրաքար և մարմար։ Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի հաստվածքը, ուր ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ: Դուրս ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով ածխաթթվական գազն ընկնում է մթնոլորտ: Մարդկանց և կենդանիների շնչառության զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ: Այդ պրոցեսների հետևանքով մթնոլորտ է արտանետվում միլիարդավոր տոննաներով ածխաթթվական գազ, բայց և այնպես օդում այն մնում է համեմատաբար քիչ քանակությամբ:

Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ ածխաթթվական գազը թունավոր է, և եթե այն օդում պարունակվեր նույնիսկ մի փոքր ավելի, ապա դա բավական կլիներ թունավորվելու համար:

Նման տխուր ճակատագրից մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց համար ածխաթթվական գազը հիմնական սնունդն է: Տերևները կլանում են ածխաթթվական գազը և ածխածնի ատոմներից ու այլ նյութերից պատրաստում բույսին անհրաժեշտ ածխաջրեր, իսկ այդ բույսերով սնվում են կենդանիներն ու մարդիկ:

Ահա և պարզվում է, որ առանց ածխաթթվական գազի ևս գոյություն ունենալ չես կարող։ Այն անհրաժեշտ է երկրի վրա կյանքը պահպանելու համար: