Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մթնոլորտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մենք ձեզ հետ ապրում ենք մի քանի հարյուր կիլոմետր խորությամբ այնպիսի օվկիանոսի հատակում, որն ափեր չունի և ամբողջությամբ շրջապատում է երկրագունդը: Այդ օվկիանոսի հատակը Երկրի ողջ մակերևույթն է, նրա հարթավայրերը, լեռները, անապատները, ծովերը:

Գիտնականներն այդ երկնագույն օվկիանոսը: Երկրի օդային թաղանթն անվանում են մթնոլորտ: Այն միշտ անհանգիստ է արևից տաքացած օդը թեթևանում է ու Երկրի մակերևույթից վեր բարձրանում, իսկ նրա տեղն զբաղեցնում է սառը օդը: Երկրի մակերևույթից վեր օդի շարժումն անվանում են քամի: Մթնոլորտում կան նաև համեմատաբար հաստատուն ուղղության օդային հոսանքներ օրինակ, պասսատներ կոչվող քամիները միշտ փչում են նույն ուղղությամբ՝ հասարակածով: Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես, մթնոլորտի ստորին շերտը՝ տրոպոսֆերան, որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8-17 կմ է։ Այստեղ են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը։

Եղանակի փոփոխություններին հետևող գիտնականները' օդերևութաբանները, օրական մի քանի անգամ չափում են օդի խոնավությունը, ջերմաստիճանը, քամու ուժն ու ուղղությունը։

Օդային օվկիանոսի հաջորդ շերտը՝ ստրատոսֆերան, հասնում է մինչև 50-55 կմ բարձրության։ Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը մուգ մանուշակագույն է, գրեթե սև։ Ստրատոսֆերայում են թռչում գերձայնային ինքնաթիռները։

Ստրատոսֆերայից վեր տարածվում է մեզոսֆերան։ Այն հասնում է 80 կմ բարձրության։ Մթնոլորտի այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր։ Գիտնականները դրանք անվանում են արծաթափառ ասպեր և ենթադրում են, որ դրանք կազմված են սառցափոշու հատիկներից։

Է՛լ ավելի վեր, մինչև 1000 կմ բարձրությամբ, ջերմոլորտի կամ իոնոսֆերայի շերտն է: Այստեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի` էլեկտրականությամբ լիցքավորված առանձին մասնիկները` իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը: Մթնոլորտի ամենավերին շերտը էքսոսֆերան է: Այստեղ օդ համարյա չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000 աստիճանի: Առանց մթնոլորտի Երկրի վրա կյանք չէր լինի: Այդ պատճառով էլ շատ կարևոր է մթնոլորտը մաքուր պահելը: Սակայն ամբողջ աշխարհում մթնոլորտ են արտանետվում արդյունաբերական բազմաթիվ մնացուկներ՝ գործարանների ու էլեկտրակայանների ծխնելույզների ծուխը, ավտոմեքենաների արտանետման գազերը: