Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալժիր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Algeria.svg

Այս պետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում, Միջերկրական ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում է Սահարայի անապատը՝ ավազների իր անծայրածիր հարթավայրերով, արևից շիկացած քարաժայռերով։

Միայն տեղ-տեղ հանդիպում են օազիսներ, որոնք աղբյուրների շուրջ աճող փյունիկյան արմավենու պուրակներ են: Այդտեղ ապրում են մարդիկ: Հազվադեպ կհանդիպես ոչխարի հոտի կամ ուղտերի երամակի, որոնց քոչվոր անասնապահը տեղից տեղ է քշում սնունդ և ջուր գտնելու համար։ Ատլասի լեռները Սահարան անջատում են Միջերկրականի ափի երկայնքով ձգված նեղ հողաշերտից, որն ամբողջովին կանաչապատ է: Ալժիրցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Նրանք բլուրների լանջերին և հովիտներում մշակում են նարինջ ու կիտրոն, խաղող, ձիթենի, բանջարեղեն, հացահատիկային բույսեր։ Այդտեղ ապրում է երկրի բնակչության մեծ մասը։ Այդտեղ են գտնվում նաև հանրապետության խոշոր քաղաքները` էլ Ջազաիր մայրաքաղաքը և Օրանը:

Ալժիրի հիմնական հարստությունը Սահարայի ավազուտների տակ հայտնաբերված նավթն ու գազն են։ Դրանց արդյունահանումը դժվար է։ Ջուր չկա այն, ինչպես և պարենամթերքը, բերում են հեռվից։ Ալժիրցիները կառուցել են երեք նավթամուղ, որոնցով նավթը Սահարայից հոսում է դեպի ծովափ։ Անապատի մակերևույթը թեքված է դեպի Միջերկրական ծովը, և նավթն ինքն է հոսում խողովակներով, գրեթե առանց պոմպերի օգնության։

Ալժիրի ընդերքում կան և ուրիշ օգտակար հանածոներ՝ երկաթ, կապար, ցինկ, ֆոսֆորիտներ, սնդիկ։ Գրեթե 130 տարի Ալժիրն անխնա կողոպտում էին ֆրանսիացի գաղութարարները։ Նրանք երկրից արտահանում էին հաց, նավթ, քարածուխ, մետաղներ։ Ալժիրցիները վտարվում էին դեպի անբերրի հողերը, պատսպարվում քաղաքների ծայրամասերում կառուցած կավե խրճիթներում, տառապում քաղցից ու հիվանդություններից։

Յոթ տարի նա պատերազմ մղեց իր երկրի ազատության և անկախության համար: 1962 թ պայքարն ավարտվեց Ալժիրի ժողովրդի հաղթանակով: Համառ աշխատանքով ալժիրցիներն արդեն շատ հաջողությունների են հասել. կառուցվել են նոր ֆաբրիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ: