Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վիտալի Բիանկի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Անտառը ձմեռ է հագել: Շուրջը խոր լռություն է: Սառնամանիքը դաղում է այտերդ, բայց եթե ուզում ես տեսնել, թե ինչպես է իր բույնը շտապում նապաստակը կամ զբոսանքի դուրս գալիս գորշուկը, մի քիչ համբերիր: Ահա ձյունը շարժվեց: Երերաց մի ճյուղ։ Մի քիչ էլ... Ավելի մոտեցիր: Եվ դիտողի առջև բացվում է անտառի մի գաղտնիք ևս։ Իսկ հետո այն ամենի մասին, ինչ տեսել է Վիտալի Վալենտինովիչը, երեխաներին կպատմի իր գրքերում, կօգնի նրանց թափանցելու բնության հրաշք գաղտնիքների մեջ:Դեռևս երեխա ժամանակ նա շատ էր լինում անտառում, ագահորեն ականջ դնում ծեր որսորդների պատմություններին։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչի մասին են «խոսում» թռչունները, ինչու իրար նման չեն ձկնկուլի ոտքն ու խլուրդի թաթը, ինչու մի կենդանին իր բույնը շինում է ծառերին, մյուսը ջրի վրա կամ ջրի տակ: Համալսարանն ավարտելուց հետո Վիտալի Բիանկին արշավախմբերի հետ եղավ Սովետական Միության բազմաթիվ վայրերում: Անտառի մասին պատմող իր զրույցներում ու հեքիաթներում նա պատասխանել է երեխաների բազմաթիվ հարցերին, իսկ դեռահասներին նվիրել իր հետաքրքրաշարժ «Անտառային թերթը»: Սովետական Միության բնության օրացույցը, «Ո՞ւմն են այս ոտքերը», «Ով ինչո՞վ է երգում», «Ո՞ւմ քթիկն է լավը», «Անտառի տնակները», «Մենավորը». Բիանկիի այս և մյուս բոլոր անտառային հեքիաթների պատմվածքների ու վիպակների հիմքում ընկած են անտառի և նրա բնակիչների կյանքի նրա սեփական գիտական դիտումները: Դրանք ստեղծելով` նա ձգտում էր երեխաներին ևս սովորեցնել ինքնուրույն դիտել և ճանաչել հայրենի բնությունը: Անհնար է չսիրել Բիանկիի բրդոտ և փետրավոր սիրելի հերոսներին, երբ նա պատմում է նրանց սովորությունների, ճարպկության, խորամանկության և թաքվելու ու փրկվելու հմտության մասին: Հուզմունքով ենք մենք հետևում «Ծիկ մկնիկը» պատմվածքի հերոս փոքրիկ ճանապարհորդ Ծիկի արկածներին, ծանոթանում խեղճ մրջնիկի հետ, որն ինչ գնով էլ լինի, մինչև արևի մայր մտնելը պետք է տանը լինի: Սպասում ենք, թե երբ թավուտից անաղմուկ դուրս կսահի մացառուտների միջով ճանապարհ բացող ուժեղ ու ճարպիկ Մենավոր իշայծյամը։ Բիանկիի հերոսները ոչ միայն կենդանիներն են, թռչուններն ու միջատները, այլև նրանց պատանի ընկերները։ «Երկպոչ Կուզյան» պատմվածքում Սերգեյկան երազում է որևէ թռչնակ բռնել: «Հետքերի ետևից» պատմվածքում հնարամիտ Եգորկան գլուխը չի կորցնում նույնիսկ այն ժամանակ, երբ գիշերն անտառում նրան շրջապատում են գայլերը: Իսկ առաջին դասարանցի Մայկային նույնիսկ հաջողվում է լինելու իսկական անտառային հեքիաթում («Ամառ ձմռանը»). Բայց ավելի լավ է ինքներդ կարդացեք այդ գրքերը, որոնցից շատերը թարգմանված են նաև հայերեն. դրանք բոլորն էլ հետաքրքիր են: