Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պոեմ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Պոեմ (հունարեն՝ póiema), չափածո ծավալուն ստեղծագործություն:

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։

Սակայն պոեմին համապատասխան են նաև հուզական տարբեր երանգներ, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի գրած «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը, և թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվել են բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլն։


Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։