Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գրիգոր Նարեկացի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Grigor Narekatsi 1.jpg

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հազարավոր ձեռագրերի հետ պահվում է 9661 թվահամարով մի մատյան, որը գրվել է Աստրախան քաղաքում, 1837 թ․։ Այդ ձեռագրում թվով 17 ավանդություններ ու զրույցներ կան Գրիգոր Նարեկացու մասին։ Իսկ ակադեմիկոս Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» գրքում դրանց թիվը 24-ի է հասցրել։ Այսքան շատ ավանդություն ու զրույց ոչ մեկի մասին չի ստեղծվել։ Նարեկացու անունն են հիշեցնում նաև Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ հիշարժան վայրեր, հուշարձաններ՝ Նարեկացու քարերը Վասպուրականի Նարեկ, Հարգիդ գյուղերում և Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղի մոտ, Նարեկացու գիհիի ծառը Ձևե գյուղում, Նարեկացու տունը Եվդոկիայում և այլն։

Ավանդություններն ու զրույցները պատմում են այն ջերմ սիրո ու վերաբերմունքի մասին, որ Գրիգոր Նարեկացին տածել է մարդու և ապրող ամեն արարածի նկատմամբ։ Դրանցից մեկում կարդում ենք, որ Նարեկացին հովվություն է անում Հարգիդ գյուղի մեռած հովվի փոխարեն և ստացած վարձը տալիս նրա կնոջն ու որբացած երեխաներին։ Մեզանից հազար տարի առաջ ապրած մի բանաստեղծ է Գրիգոր Նարեկացին` գողտրիկ տաղերի, «Մատյան ողբերգության» հիասքանչ պոեմի և ուրիշ շատ գործերի հեղինակ, որին դնում են աշխարհի հանճարեղ բանաստեղծների կողքին: Նա ծնվել է Հայաստանի Վասպուրական աշխարհի Նարեկ գյուղում (այստեղից էլ նրա Նարեկացի անունը), հոգևորականի ընտանիքում, սովորել Նարեկա վանքում (հին ժամանակներում ուսում միայն վանքերում էին ստանում), դարձել հոգևորական: Հայ ժողովուրդը սրբացրել է Գրիգոր Նարեկացուն, իսկ նրա «Մատյան ողբերգության» պոեմը դարեր շարունակ կոչել է «Նարեկ» և այդ գրքին վերնագրել հոգեկան ու մարմնական ցավեր բուժելու մեծ զորություն։ Նարեկացին իր քնարական պոեմով սեր, մարդասիրություն, բարություն, ազնվություն է սերմանում մարդկանց հոգում, կոչում աշխարհի բոլոր մարդկանց լինել բարի ու անաղարտ, սիրել ու օգնել միմյանց, ձգտել կատարելության: Այս գաղափարները նա արտահայտել է հանճարի երևակայությամբ և բանաստեղծական պատկերներով ու համեմատություններով։ Մարդու հոգեկան ու մարմնական գեղեցկությունների և բնության հրաշալիքների նկարագրության մեջ Նարեկացու բանաստեղծական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։