Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նիկոլայ Գոգո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
NV Gogol.png

Գիրքն, իրոք, զվարճալի էր: Գոգոլը հազիվ էր հայտնվել տպարանի շեմին, երբ գրաշարներն սկսեցին փռթկալ ու քրքջալ: «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարը բոլորի կարծիքով արտասովոր հետաքրքիր և բանաստեղծական էր: Մինչ այդ անհայտ երիտասարդ գրողը պատմում էր Ուկրաինայի բնության, նրա մարդկանց, կենցաղի և սովորույթների մասին, բարի ծիծաղն այնպես էր ճառագում գրքի էջերից, ինչպես արևն է լույսով ողողում անծայր դաշտերը։ Եվ յուրաքանչյուր պատմության մեջ զգացվում էր հին ավանդությունների, ժողովրդական հեքիաթների շունչը: Դեռևս մանկությունից Գոգոլը սիրում էր լսել ժողովրդական երգեր ու հեքիաթներ։ Իսկ գիմնազիայում սովորելու տարիներին ճանաչեց ու սիրեց գիրքը, թատրոնը: Պատանին երազում էր օգտակար լինել մարդկանց, իր աշխատանքով ծառայել հայրենիքին, բայց երբ երիտասարդ Գոգոլը եկավ Պետերբուրգ, ոչ մի բան այնպես չստացվեց, ինչպես ինքն էր երազում։ Նա ապրում էր կիսաքաղց ու միայնակ: Երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո ծառայության անցավ մի գրասենյակում, թեև ատում էր պետական ձանձրալի գրագրությունները։ Նրա գրչի տակից դուրս էին գալիս զվարթությամբ և հայրենի երկրի ձայներով լի վառ էջեր: «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարով Գոգոլը ոտք դրեց գրական ճանապարհ: Նրան իբրև հավասար ընդունեցին գրողներ Վ. ժուկովսկին, Ս. Ակսակովը և ինքը՝ Պուշկինը: Գոգոլը մտերմացավ նաև հայտնի դերասան Մ. Շչեպկինի հետ: Այժմ արդեն կարելի էր ամբողջովին նվիրվել ստեղծագործելուն: Նա գրում է «Տարաս Բուլբա» վիպակը, որ պատմում էր Ջապորոժյան Սեչի փառավոր անցյալի մասին։ Մեծ քաղաքի կյանքից և գրասենյակային տաղտկալի ծառայությունից ստացած տպավորությունները հիմք դարձան «Պետերբուրգյան պատմվածքներ»–ի համար: Խեղճ ու բոլորից արհամարհված չինովնիկ Ակակի Ակակիևիչի մասին է «Շինելը» պատմվածքը: Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունն արդեն մարտահրավեր էր ցարական չինովնիկներին, որոնց գլխավոր օրենքն անօրինականությունն էր, թույլերին կեղեքելն ու ճնշելը, խաբելը, կաշառակերությունը: Ռուսաստանի առաջավոր մարդիկ բարձր գնահատեցին Գոգոլի համարձակությունն ու մերկացնող ծիծաղի ուժը: Այդ կատակերգությունը մինչև օրս էլ հաջողությամբ բեմադրվում է բազմաթիվ թատրոններում: Երկար տարիներ Գոգոլն ապրում էր հայրենիքից հեռու՝ Իտալիայում։ Բայց չէր դադարում մտածել Ռուսաստանի մասին, տառապել նրա համար և գրել նրա մասին: Իրեն հուզող բոլոր ցավոտ հարցերը նա արտահայտեց իր «Մեռած հոգիներ» պոեմանման վեպում։ Առաջին հայացքից թվում էր, թե Գոգոլը, ինչպես և առաջ, մարմնավորում է միայն ծիծաղելի հիմարների՝ ժլատ Պլյուշկինին, անտաշ ու թանձրամիտ Սոբակևիչին, անհոգ Նոզդրյովին, խարդախ Չիչիկովին: Բայց հանձինս այս ծաղրական կերպարների հառնում էր ցարական Ռուսաստանում տիրող կյանքի ճշմարտացի ու մերկացնող պատկերը. –Աստված իմ, որքան տխուր է մեր Ռուսաստանը,- ասել է Պուշկինը Գոգոլի նոր գրքի առաջին գլուխներն ունկնդրելիս: Գոգոլին շատ բարձր էր գնահատում մեծ գրող Վիլյամ Սարոյանը: Գոգոլի գրքերը, որ միաժամանակ և՛ լուրջ են, և՛ թախծոտ, և՛ ուրախ, միշտ կապրեն: Մարդիկ գծուծ մարդու հանդիպելիս ասում են սա կատարյալ Պլյուշկին է, տեսնելով բութ և կոպիտ մեկին հիշում են Սոբակևիչին: Բայց և այնպես, առաջին ծանոթությունն այս գրողի հետ սկսվում է «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարով։ Աշխատի՛ր շուտ գտնել ու կարդալ այդ գիրքը: Գոգոլի բազմաթիվ երկեր թարգմանվել են նաև հայերեն։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում կան ռուս մեծ գրողի անունը կրող փողոց և դպրոց։