Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մայրի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Cedar of Lebanon, Forty Hall, Enfield - geograph.org.uk - 708717.jpg

Մայրին գեղեցիկ, մշտադալար փշատերև ծառ է։ Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը մինչև 3 մ: Մայրու բաց կանաչից մինչև արծաթամոխրագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղարթ։ Այս հզոր ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են, խոշոր, 5-11 սմ երկարությամբ։ Մայրու բնափայտը շատ ամուր է. ունի հաճելի նրբերանգ և բույր։ Այն օգտագործում են շինարարության ու նավաշինության մեջ, նրանից պատրաստում են նաև զանազան հուշանվերներ ու զարդատուփեր։ Մայրին տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում, Լիբանանում, Հիմալայներում և այլուր։

Հայաստանում մայրի աճեցրել են շատ հնուց։ Դեռևս մեր թվականությունից առաջ 3-րդ դարի վերջին Հայոց Երվանդ Չորրորդ թագավորը Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և անվանել «ծննդոց անտառ»։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Այժմ մեր հանրապետության տարածքում մայրին կլիմայավարժեցվում է Ախթալայում, Երևանում, Դիլիջանում և այլուր։

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը նույնպես գեղեցիկ ու հզոր, մինչև 40 մ բարձրության հասնող ծառ է։ Նրա յուրաքանչյուր ասեղնատերևիկի երկարությունը ավելի քան 10 սմ է։ Սիբիրյան սոճու ոսկեգույն սերմերը («կաղինները») տեղավորված են սագի ձվի չափ խոշոր, մանուշակագույն կոներում։

Յուրաքանչյուր 5-6 տարին մեկ սերմերի բերքն առատ է լինում։ Նման տարիներին լռակյաց, դարավոր տայգան կերպարանափոխվում է։ «Կաղիններ» գտնելու համար սիբիրյան սոճու վրա ճյուղից ճյուղ են ցատկոտում հազարավոր սկյուռներ։ Գետնին միմյանց ուրախ ձայնակցում են շերտավոր սկյուռները: Հարուստ տայգայի կողքով անտարբեր չեն անցնում և արջերը: Նրանց գրավում են համեղ ու սննդարար «կաղինները»: Թռչում գալիս են ճարպիկ ու աղմկոտ մայրահավերի հսկա երամները: Որսորդներն այստեղ սկյուռի առատ որս են անում։ Մարդիկ սիբիրյան սոճու սերմերի պաշար են հավաքում, որոնցից հետո ձեթ են ստանում։

Երկար է ապրում սիբիրյան սոճին։ Հանդիպում են մինչև հինգ հարյուր տարեկան ծառեր։ Նրանց ամուր, թեթև, գեղեցիկ բնափայտից կահույք են պատրաստում։ Ձեր մատիտներում եղած գրաֆիտի «վերնաշապիկը» նույնպես սիբիրյան սոճու բնափայտից է։ Ծառերի կեղևի տակից խեժ են հավաքում, որը կիրառվում է բևեկնայուղի պատրաստման ժամանակ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային դեղ։