Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ճնշում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ռադիոյով հաղորդելով օրվա եղանակի տեսությունը՝ հաղորդավարը վերջում, սովորաբար, նշում է «Մթնոլորտային ճնշումը՝ սնդիկի սյան 760 (կամ 759, կամ 754) միլիմետր»: Այժմ այս բառերը ոչ ոքի չեն զարմացնում, մինչդեռ 350 տարի առաջ մարդիկ չէին էլ կասկածում, որ գոյություն ունի մթնոլորտի ճնշում: Այդ պատաճառով էլ բոլորին ապշեցրեց 1654 թ․ Մագդեբուրգ քաղաքում գերմանացի ֆիզիկոս Օտտո ֆոն Գերիկեի կատարած փորձը: Իրար հպված պղնձե երկու կիսագնդերից նա դուրս մղեց օդը, և այդ կիսագնդերն այնպես ամուր սեղմվեցին միմյանց, որ ձիերի երկու լծասարք չկարողացան դրանք պոկել իրարից:

Կիսագնդերն իրար էր սեղմել օդի ճնշումը: Մեզ շրջապատող օդն այնքան թեթև չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այսպես, ոչ շատ մեծ սենյակում գտնվող օդի կշիռը 40-50 կգ է: Իր կշռի շնորհիվ էլ օդը ճնշում է գործադրում Երկրի մակերևույթի և նրա վրա եղած ամեն ինչի, այդ թվում՝ նաև մեզ վրա:

Մթնոլորտային ճնշումը չափող առաջին սարքը՝ բարոմետրը (ճնշումաչափ), ստեղծել է իտալացի ֆիզիկոս Տորիչելլին: Մոտ մեկ մետր երկարությամբ, մի ծայրը զոդված ապակե խողովակի մեջ նա սնդիկ լցրեց և խողովակի բաց ծայրն իջեցրեց սնդիկով լի բաժակի մեջ: Սնդիկի մի մասը դուրս հոսեց խողովակից, և նրա վերին մասը մնաց դատարկ, անօդ: Բաժակի մեջ գտնվող սնդիկի մակերևույթին ազդում է մթնոլորտային ճնշումը: Այն հաղորդվում է խողովակի ստորին, բաց ծայրին և թույլ չի տալիս, որ խողովակում մնացած սնդիկը դուրս հոսի: Եթե խողովակի վրա նշագծենք միլիմետրանոց բաժանքներ, ապա խողովակում մնացած սնդիկի սյան բարձրությամբ կկարողանանք որոշել մթնոլորտային ճնշումը: Տորիչելլիի ժամանակներից էլ սկսած մթնոլորտային ճնշումը չափում են սնդիկի սյան միլիմետրերով:

Ճնշում է գործադրում ոչ միայն օդը: Երբ դուք նկարում եք, մատիտի ծայրը ճնշում է թղթին: Տունը, ուր ապրում եք, ճնշում է գետնին: Վառոդի այրման ժամանակ առաջացած գազերի ճնշումը հրանոթի փողից դուրս է շպրտում արկը: Երկրի ընդերքում եղած ճնշումը ստիպում է նավթին՝ դուրս շատրվանել նավթահորից: Մենք լսում ենք ձայները, որովհետև ձայնային ալիքները ճնշում են գործադրում մեր ականջների թմբկաթաղանթներին: Ծովի խորքերում ջրի ճնշումը շատ մեծ է, և որքան մեծ է խորությունը՝ այնքան մեծ է ճնշումը: Ուստի սուզանավի իրանը պետք է շատ ամուր լինի, այլապես մեծ խորություններում ջրի ճնշումը կճզմի այն: