Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հոտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հոտը, բուրմունքը մեզ շրջապատում են ամենուր: Բուրում է ծաղիկը, դեպի ափ վազող ալիքը, եղևնու կոնը, հացի կտորը, հոտ է արձակում փտող կոճղը, ցանցի մեջ թպրտացող ձուկը: Հոտը գրեթե այն ամենի անբաժանելի նախանշանն է, ինչ շրջապատում է մարդուն: Անհոտ կերակուրը անհամ կթվար: Վաղուց ի վեր մարդը բազմաթիվ հոտերից առանձնացրել է տհաճներն ու բուրավետները: Մի մասից զզվում էր, մյուսները նրան հաճույք էին պատճառում, և նա աշխատում էր դրանք պահպանել իր կացարանում: Հին ժողովուրդներից շատերն ունեին մարմինը հոտավետ խեժերով, բուրումնավետ խոտերով շփելու սովորույթ: Աստվածներին անուշահոտություններ էին զոհաբերում, խունկ էին ծխում, հուսալով, թե փոխարենը նրանք հաջողություն կպարգևեն խաղաղ գործերին ու ռազմական արշավանքներին: Այն ժամանակներում հոտը համարվում էր անտեսանելի և հզոր ոգիների ծնունդ:

Անցան հազարամյակներ, և մարդը հայտնաբերեց հոտի աղբյուրները՝ հոտավետ նյութերը: Իսկ հետո սովորեց ինքն ստեղծել դրանցից առավել բուրումնավետներն ու օգտակարները: Միաժամանակ, ի հայտ եկան հոտավետ նյութերի շատ նոր «մասնագիտություններ»: Արդեն 7 հազար տարի հայտնի կամֆորան դարձավ սրտային հիվանդներին բուժող դեղանյութ, ինչպես նաև նորագույն նյութերի՝ պլաստմասսաների, բաղադրիչ մասերից մեկը: Պտուղները խնկով ծխահարելիս արագանում է նրանց հասունացումը:

Այժմ կիրառություն են գտել նույնիսկ տհաճ հոտերը: Աֆրիկայում, օրինակ, դաշտերը գետաձիերի ներխուժումից պաշտպանում են առյուծի հոտ արձակող հեղուկով: Զզվելի հոտ ունեցող մերկապտան նյութն ավելացնում են խոհանոցի գազօջախում այրվող գազին, որի հոտը զգալի չէ: Գազի նվազագույն արտահոսքի մասին հաղորդում է սուր հոտ արձակող մերկապտանը:

Իսկ լաբորատորիաներում ստեղծվում են նորանոր բուրմունքներ: Դրանք ստեղծում են կոմպոզիտորները, բայց, անշուշտ, ոչ նրանք, որ երաժշտություն են գրում: Հասարակ շատ բուրմունքներից նրանք կազմում են բարդ համակցություններ՝ կոմպոզիցիաներ, բուրմունքների իսկական փնջեր։ Այս բուրմունքները նույնպիսի բավականություն կարող են պատճառել, ինչպես արվեստի հիասքանչ գործերը: Դրա հետ մեկտեղ նրանք նաև ներգործում են տրամադրության վրա, բարձրացնում աշխատունակությունը։

Գիտնականները դեռևս ճշգրիտ չեն պարզել, ինչ է հոտը, ինչպես ենք մենք այն զգում։ Ոմանք գտնում են, որ հոտառությունը նման է համի զգացողությանը։ Դա նշանակում է, որ մենք հոտն զգում ենք այն ժամանակ, երբ նյութի մանրագույն մասնիկներն ընկնում են քթի խոռոչի լորձաթաղանթի վրա։ Ուրիշները ենթադրում են, որ հոտը կախված է նյութի մասնիկների ձևից։ Մարդու քթի խոռոչում, նյարդային վերջավորությունների վրա, կան տարբեր ձևի փոսիկներ։ Երբ կոնաձև մասնիկներն ընկնում են կոնաձև փոսիկների մեջ, մենք մի տեսակի հոտ ենք զգում, երբ ձվաձև մասնիկներն են ընկնում ձվաձև փոսիկների մեջ մեկ այլ, և այդպես շարունակ։

Գիտնականների մի մասն էլ գտնում է, որ հոտը ռադիոալիքների նմանվող ինչ-որ ալիքներ են։ Այնուամենայնիվ, այն հարցում, թե ինչ է հոտը, շատ բան դեռ անորոշ է մնում։