Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կեչի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Betula pendula 001.jpg

Կեչին սլացիկ ծառ է՝ լայն ու խիտ, բարձր սաղարթով։ Բայց շատ ծեր ծառերի ծանր սաղարթը լացող ուռենու նման կախվում է։ Լուսավոր բացատներում կեչին երբեմն աճում է միայնակ, բայց ավելի հաճախ առաջացնում է անտառներ։ Ամռան կանաչ խոտի ու վառ ծաղիկների ֆոնին կեչուտի սպիտակ բներ՝ այս գեղեցիկ պատկերը կարող է հիշվել ողջ կյանքում։ Կեչին ծաղկում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, տխլենուց (պնդուկենուց) և ուռենուց հետո։ Նրա համեստ ծաղիկները կատվիկներ են։ Իսկ երբ կեչու տերևները կիտրոնագույն են դառնում, ուրեմն աշունը մոտ է։ Կեչու պտուղները հեշտությամբ տարածվում են քամուց։ Հատված անտառամասում, ուր դեռևս չեն կարող աճել ուրիշ ծառեր, կեչին արագ «հասակ է առնում»։ Դրա համար էլ նրան անվանում են անտառի պիոներ։ Կեչին արագ է աճում։ Քառորդ դարում, հատկապես խոնավ հողերում, հասնում է հինգհարկանի շենքի բարձրության։ Ամռան շոգ օրերին կեչին հողից կլանում է մինչև քառասուն դույլ ջուր։ Կեչու ամեն մասից կարելի է որևէ բան ստանալ։ Բողբոջներից դեղ են պատրաստում, ճյուղերից՝ ցախավելներ ու ավելներ։ Թղթի նման բարակ շերտով անջատվող կեղևից ժողովրդական վարպետները տուփեր ու կողովներ են հյուսում։ Կեչու փայտը լավ վառելիք է։ Բնափայտից պատրաստում են նրբատախտակ, կահույք, ստանում բևեկնախեժ, փայտի սպիրտ, քացախ։ Կարելիայում, Բելոռուսում, Լատվիայում, ինչպես նաև Սկանդինավյան երկրներում աճում են այնպիսի կեչիներ, որոնց բնի ներքևի մասում կան հոծ, ամուր կոշտուկներ. նրանցից կացինն անգամ ետ է հրվում։ Այդ կեչին անվանում են կարելական։ Նրա բնափայտից կարելի է պատրաստել գեղարվեստական կահույք, զարդատուփեր, զանազան զարդեր։ Կարելական կեչին շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ է պատճառը, որ այժմ փորձում են այն աճեցնել արհեստական ճանապարհով։

Կեչի աճում է նաև մեր հանրապետության մի շարք, շրջաններում՝ անտառներում, առանձին խմբերով կամ միայնակ։ Մարմարիկ գետի հովտում և Սևանի ավազանում կարելի է հանդիպել, նույնիսկ, կեչուտների։ Ամռանը հաճելի է կեչու պուրակում զբոսնելը։ Այնտեղ լույսն առատ է, օդը՝ թափանցիկ ու մաքուր։