Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կարապ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Կարապ

Կարապը, որ ամենախոշոր և ուժեղ թռչուններից է, դեռևս խոր անցյալից համարվում է գեղեցկության ու սիրո, անաղարտության ու քնքշության խորհրդանիշ։ Շատ զրույցներում ու ավանդություններում է գովերգվել կարապը։ Մի հինավուրց լեգենդ կա կարապի երգի մասին, որ այդ չքնաղ թռչունն, իբր, երգում է մեռնելուց առաջ։ Կարապն այդպիսի երգ, իհարկե, չի երգում։ Հասունացած նա երգեցիկ թռչունների թվին չի էլ պատկանում, թշշան կարապը կարող է միայն անշտապ hglկռնչալ, իսկ կանչող կարապը՝ շեփորի բարձր ու հանդիսավոր հնչյուններ արձակել։

Նրանց լավ կարելի է լսել գարնանը, երբ հարավային ձմեռումից վերադարձած կարապները զույգ առ զույգ վեհորեն սավառնում են երկնքում։

Մի անմոռանալի, գեղեցիկ տեսարան է, երբ հսկա, սպիտակ թռչունները ճախրում են ապրիլյան կապուտակ երկնքում։ Բայց կարապն ավելի գեղեցիկ է խուլ անտառի մեկուսի լճում։ Նա թեթև ու անաղմուկ սահում է ջրի վրայով, և ջուրը նրա տակ փայլկտում է, սադափի երանգ առնում։ Անկրկնելի նրբագեղ է կարապի ամեն մի շարժումը՝ և՜ լողալու ժամանակ կտրուկ շրջվելիս, երբ նրա ետևից ցոլցլացող ալիք է մնում, և՛ լողանալիս, երբ աղմուկով ճղփացնում է ջուրը, և՛ թռիչքի պահին, երբ թևերով սահուն ու թնդալի ճեղքում է օդը։

Կարապները բացառիկ զգայուն ու զգուշավոր թռչուններ են և բնադրում են խուլ, գրեթե անմատչելի լճերի մոտ աճող ամենախիտ եղեգնուտներում։ Փոքրիկ կարապների դաստիարակության հոգսը հայրն ու մայրը կիսում են միմյանց միջև։

Սպիտակ կարապն արագ ընտելանում է նոր պայմաններին, կենդանաբանական այգիներում համերաշխ ապրում սև կարապի` Ավստրալիայից բերված «հյուրի» կողքին։

Կարապը գեղեցիկ և այժմ արդեն բնության հազվագյուտ էակներից է։ Նրա որսն արգելված է։