Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խաղող

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Wine grapes04.jpg
Vine 1.jpg

Աշուն է, հայոց աշխարհի բարեբեր աշունը։ Արարատյան դաշտում կանաչին են տալիս խաղողի փարթամ այգիները։ Վազերին աչքով են անում արևահամ մրգի ողկույզները` սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն... Այնքան գայթակղիչ են, որ հազիվ ես զսպում քաղելու և ճաշակելու ցանկությունդ։ Գիտնականները դեռ այսօր էլ վիճում են, թե որն է խաղողի հայրենիքը։ Մի բան պարզ է, սակայն, որ Հայաստանը խաղողի մշակության՝ այգեգործության, հնագույն և ինքնուրույն կենտրոններից է։ Այդ են վկայում մեզանից շուրջ երեք հազար տարի առաջ կառուցված Կարմիր բլուր և Էրեբունի բերդաքաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերված գինու մառանները, կարասները, խաղողի ածխացած սերմերը։ Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից։ Գառան դմակ խաղողը լուսասեր ու ջերմասեր բույս է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Նրա վազը լիան է և կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության. խաղողի տերևները պարզ են, բլթակավոր։ Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի։ Պտուղը 1-4 կորիզանի հյութալի հատապտուղ է։ Կան նաև անկորիզ, այսպես կոչված քիշմիշային սորտեր։ Խաղողի հատապտուղները պարունակում են մարդուն շատ օգտակար նյութեր՝ շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ։ Խաղողը վերամշակում են, պատրաստում հյութ, դոշաբ, մուրաբա, կոմպոտ, և, անշուշտ, ձեր շատ սիրած չամիչն ու ընկույզի միջուկով սուջուխը։ Խաղողից են ստանում գինին ու կոնյակը։ Եվ մեր հրաշալի խաղողների շնորհիվ է նաև, որ հայկական շատ գինիներ ու կոնյակներ միջազգային տոնավաճառներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների։ Խաղողի թափոններից ներկեր են պատրաստում։ Դրանք օգտագործում են նաև որպես կեր ու պարարտանյութ։ Սերմերից յուղ են ստանում: Բայց ամենից օգտակարը թարմ խաղողն է: Նրանով նույնիսկ հիվանդություններ են բուժում։ Բժշկության մեջ կա մի բաժին, որն այդպես էլ կոչվում է՝ խաղողաբուժություն։

Խաղողի վազը ցրտերին չի դիմանում, այդ պատճառով էլ ցրտահարությունից պաշտպանելու համար որոշ շրջաններում, օրինակ, Արարատյան դաշտում, ուշ աշնանն այն ծածկում են հողով (թաղում են)։ Խաղողի վազերը նաև դեկորատիվ նշանակություն ունեն, նրանցով զարդարում են տաղավարները, ցանկապատերը, պատշգամբները։ Հաճախ դրանք բարձրացնում են մարդու հասակից վեր ու հենում փայտե կամ մետաղե հենակների, շատ հաճելի է նրանց ստվերում հանգստանալը։ Խաղողի բերքահավաքը, որ կոչվում է այգեկութ, շատ հին ժամանակներից հայերի ուրախության ու խնդության տոներից էր։ Տոնակատարությունն սկսվում էր օգոստոսի կեսերին։ Մինչ այդ խաղող ուտելն արգելվում էր, որպեսզի խակ խաղող չքաղեին։ Այգեկութի առաջին օրը մարդիկ սեղան էին բացում, հրավիրում իրենց ազգականներին, երգում ու պարում։ Ապա, միմյանց բարեմաղթանքներ հղելով, սկսում էին բերքահավաքը։ Այգեկութի տեսարաններ են պատկերված միջնադարյան հայկական հուշարձանների բարձրաքանդակներում։ Առհասարակ, խաղողը հայ զարդարվեստի՝ զարդարելու արվեստի, զանազան տեսակների՝ խաչքարերի, զարդաքանդակների, մանրանկարչության ամենասիրելի զարդանախշերից է։