Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արարատյան դաշտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«.. Հոյակապ, հռչակավոր, երևելի գավառն Այրարատյան, որն ամեն ինչ բուսցնող է, ամեն ինչ տվող, ամեն ինչով լի մարդկային կյանքին, վայելքին ու երջանկությանն անհրաժեշտ օգտի ու դեղի համար ամեն ինչ ունեցող դաշտեր` լայնատարած ու որսալից, շուրջ բոլորը լեռներ, գեղեցկանիստ ու փարթամ արոտներով ծածկված կճղակաբաշխ ու որոճող անասուններով և նրանց հետ էլի ուրիշ բազմատեսակ կենդանիներով լեցուն: Լերանց բարձր կատարներից ջրեր են հոսում` լիուլի ոռոգմամբ արբեցնելով դաշտերը, որոնք անթիվ կին ու տղամարդ բնակչությամբ փարթամացած ոստանն են մատակարարում առատ հացով և գինով, անուշաբույր ու մեղրահամ բանջարեղենով և յուղատու զանազան սերմերով: Իսկ թե հայացքդ առաջին անգամ ես դարձնում դեպի լեռնափեշերը կամ սարահարթերը, ապա նրանց վրա սփռվածը հանդերձներ կկարծես և ոչ թե ծաղկաբույս երանգներ` տարածված փարթամորեն անուշահամ ու պարարտ արոտներ...»։ Այսպես է նկարագրում Արարատյան դաշտը 5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին: Այս դաշտում հիմնադրվել ու ծաղկել են Հին Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Արտաշատը, Դվինը: Սակայն դարեր շարունակ իրար ետևից դեռ մի թշնամուն չհաղթած ու չվանած` Արարատյան դաշտ են ներխուժել նոր ոսոխներ, ավերել քաղաքներ ու շեներ: 11-րդ դարում ողջ Հայաստանը և նրա հետ էլ Արարատյան դաշտը տրորվեց ահավոր սամումի պես լեռնաշխարհ ներխուժած սելջուկյան թուրքերի ձիերի սմբակների տակ, իսկ 13-16-րդ դարերում նրանց փոխարինեցին նոր նվաճողներ` մոնղոլթաթարները թուրքերը։ «Ծխում էին դաշտավայրի վրա խիտ առ խիտ փառված գյուղերը... Ծխում էին մեծաշեն քաղաքները։ Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը, ծխում էր Վաղարշապատը, ծխում էր էջմիածնի վանքը: Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը»,- գրում է Րաֆֆին: Արարատյան դաշտի զգալի մասը 1828 թ․ ազատագրվեց, միացավ Ռուսաստանին: Այժմ փոխվել է Արարատյան դաշտի դեմքը: Հոկտեմբերյանի, Արարատի, էջմիածնի, Ստորին Հրազդանի, Թալինի ջրանցքներով, Ազատի ջրամբարի ջրով վերակենդանացել է հողը: Շրջապատված Արագածի, Արայի, Մեծ ու Փոքր Մասիսների լեռնագագաթներով, Դեղամա և Հայկական պար լեռնաշղթաներով` ծովի մակերևույթից մոտ 800-1000 մ բարձրության վրա փռված այս հարթավայրը նման է մի եռանկյուն սկուտեղի՝ լցված հողի պարգևած բարիքներով: Դաշտն ունի ավելի քան 200 կմ երկարություն և 20-45 կմ լայնություն: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը` մինչև Գայլի դրունք կոչվող լեռնանցքը։ Արաքսը դաշտը բաժանում է երկու մասի: Աջ ափին ընկած տարածությունը գտնվում է Թուրքիայի և Իրանի սահմաններում, իսկ ձախակողմյանը` Հայաստանում և Նախիջևանի ԻՍՍՀ-ում: Արարատյան դաշտն ունի արևոտ, չոր, ցամաքային կլիմա, 4-5 ամիս տևող շոգ ամառ։ Ձմռանը դաշտում չափավոր ցուրտ է, եղանակը` հիմնականում անհողմ: Գարունը շատ կարճ է տևում, իսկ աշունը տաք է, տևական, ինչպես ասում են՝ «ոսկե աշուն»։ Դաշտն ունի անմշակ աղուտներ ու ճահճուտներ, որոնք 30000 հեկտար տարածություն են զբաղեցնում: Արարատյան դաշտում աճում են հանրահայտ հայկական ծիրանը, խաղող, դեղձ, սալոր, սերկևիլ և ուրիշ շատ մրգեր: Այժմ մեծ տեղ է հատկացվում եթերայուղատու բույսերին՝ խորդենուն ու վարդենուն։

Հարուստ է Արարատյան դաշտի կենդանական աշխարհը։ Տարածված են վարազը եղեգնակատուն, ջրասամույրը լճակներում ու ջրամբարներում արհեստական ճանապարհով աճեցնում են կուղբի մի քանի տեսակներ և ձկներ։ Շատ են սողունները գյուրզա, եղջերավոր իժ, շահ մար։ Կան մի քանի տեսակի մողեսներ ու միջատներ, որոնցից դեռ շատ հնուց հայտնի է որդան կարմիրը, մանրիկ որդերի մի տեսակ, որից կարմիր ներկ էին պատրաստում։

Արարատյան դաշտը հարուստ է հանքային ջրերով։ Հնուց ի վեր մեծ համարում ունի Արզնու ջուրը։ Այժմ հայտնի է նաև Արարատինը։ Մեծ է երևանյան անուշահամ ջրերի արտեզյան ավազանը։ Արարատյան դաշտը հարուստ է հայոց պատմության ու մշակույթի կենտրոններով ու հուշարձաններով։ Այստեղ են գտնվում Արին բերդն ուԿարմիր բլուրը, մեր թվարկությունից առաջ 3-րդ 1 ին հազարամյակներից հայտնի Մեծամորի մետաղաձուլական կենտրոնը, Հռիփսիմեի տաճարը։ 1918 թ. այս դաշտում տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտը, որի տեղում այժմ կառուցված է փառահեղ կոթող և ազգագրական թանգարան։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենախիտ բնակեցված մասն է։ Այստեղ են գտնվում Հայաստանի մայրաքաղաք Երևանը, մի շարք այլ քաղաքներ ու քաղաքատիպ ավաններ (Արտաշատ, Էջմիածին, Արարատ և այլն) հանրապետության արդյունաբերական զանազան ճյուղերի բազմաթիվ խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ։ Այստեղ է գտնվում Հայաստանի ատոմակայանը։