Վիքիփոքրիկում այժմ կա 1047 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լող

Vikidia-ից
Largada 100 Parapan.jpg

Ամեն ոք պետք է լողալ սովորի։ Որքան մարդը տարիքով է, այնքան նա դժվարությամբ է հաղթահարում ջրավախությունը և սովորում ջրի վրա մնալ։ Մինչդեռ դպրոցականը լողալ կարող է սովորել անգամ ինքնուրույն, օգտվելով նաև ցանկացած գրադարանում եղած մասնագիտական գրականությունից։ Բայց, այ, մարզական որևէ լողաոճի տիրապետելը հնարավոր է միայն հրահանգչի ղեկավարությամբ։ Ամենաարագ լողաոճը կրոլն է. լողորդն առաջ է շարժվում` հերթով թիավարելով մեկ մի, մեկ մյուս ձեռքով և անընդհատ վեր ու վար շարժելով ոտքերը։ Ոտնաթաթերը ձգված են (բայց մկանները լարված չեն), և ձեռքի ամեն մի շարժման հետ կատարվում է մեկ ոտքի երկու-երեք շարժում։ Գլուխը շրջելով մի կողմ (աջ կամ ձախ), լողորդը մի ձեռքով թիավարման շարժումն ավարտելու պահին ներշնչում է, ապա դեմքն ընկղմում ջրի մեջ։ Կրոլ լողաոճով լողում են ոչ միայն կրծքի, այլև` մեջքի վրա։ Այս դեպքում ոտքերի շարժումները մոտավորապես նույնն են, իսկ ձեռքերը հերթով հատում են օդը, գլխի ետևով ընկղմվում ջրի մեջ և թիավարման շարժում կատարում։ Մի ձեռքը թափով վեր շարժելիս լողորդը ներշնչում է, մյուսը շարժելիս՝ արտաշնչում։ Բրաս լողաոճը համեմատաբար դանդաղընթաց է, բայց ավելի «խնայողաբեր» է՝ լողորդը քիչ է հոգնում։ Այս լողաոճով հեշտ է նաև հագուստով լողալը, եթե նման անհրաժեշտություն է ծագում։ Բրաս լողաոճի դեպքում ոտքերի շարժումները նման են գորտի ետևի թաթերի շարժումներին։ Բրասի հիման վրա առաջացել են երկու ուրիշ, ավելի արագ լողաոճեր։ Սկզբում երևան եկավ բատերֆլայը (անգլերեն բառ է և նշանակում է «թիթեռ»)։ Ոտքերը շարժում են ինչպես բրասի ժամանակ, իսկ ձեռքերը, թիավարման շարժումն ավարտելուց հետո, ջրից հանում են միաժամանակ և արագ ու թափով նետում առաջ թիավարման հերթական շարժման համար։ Այնուհետև ձևավորվեց էլ ավելի արագ, բայց կատարման առումով ամենաբարդ լողաոճը՝ դելֆինը։ Ձեռքերի շարժումները նույնն են, ինչ բատերֆլայի դեպքում, բայց ոտքերն աշխատում են այլ կերպ. լինելով համատեղ կորացած՝ նրանք միաժամանակ հարվածող շարժում են կատարում վերից վար և հակառակը։ Ընդ որում ոտքերի աշխատանքը համաձայնեցվում է իրանի ալիքաձև շարժումներին։ Կրոլ լողաոճի կամ, ուրիշ կերպ ասած, ազատ ոճի լողի մրցումներն անց են կացվում 100, 200, 400, 800 և 1500 մ մրցատարածություններում։ Մյուս լողաոճերի առաջնություններն անց են կացվում միայն 100 և 200 մ մրցատարածություններում։