Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լազարյան ճեմարան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lazarev Institute 1838.jpg

Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու, կա մի նրբանցք, որն Արմյանսկի հայկական անունն է կրում։ Նրբանցքի հյուսիսակողմում բարձրանում է երկհարկանի հնամենի մի շենք, որ կանգուն է ահա արդեն ավելի քան մեկ ու կես դար։ Դա նախկին հայկական Լազարյան ճեմարանի շենքն է, որի առջև, բակի կենտրոնում, կա համեստ մի հուշարձան։ Նրա վրա դրոշմված են Հովհաննես ու Հովակիմ Լազարյան եղբայրների և վերջինիս որդիների պատկերներն ու անունները։ Դարեր շարունակ օտար բռնակալների դեմ անհավասար պայքարում հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ փրկություն են որոնել ուրիշ երկրներում՝ իրենց հոգում միշտ անմար պահելով սիրելի հայրենիքի ազատագրության տենչը։ 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Հովհաննես Լազարյանը, Շահամիր Շահամիրյանը և ուրիշներ մեծ կարևորություն էին տալիս ժողովրդի լուսավորությանը, որովհետև այն կնպաստեր նրա ազգային ինքնագիտակցության արթնացմանը և ազատագրական պայքարին։ Մեծ է Լազարյանների երախտիքը հայկական մշակույթին, ժողովրդի լուսավորության գործին։ Դեռևս 1785 թվականին Հովհաննես Լազարյանը մտադրվել էր Մոսկվայում հիմնադրել հայկական ճեմարան։ Նա նախապատրաստական աշխատանքներ է տանում, կազմել տալիս ճեմարանի կանոնադրության նախագիծ։ 1801 թվականին նա մահանում է, ավանդելով կրտսեր եղբորը` Հովակիմ Լազարյանին, իրականացնելու ճեմարան բացելու իր նպատակը։ Եվ ահա Հովակիմ Լազարյանի ջանքերի շնորհիվ 1814 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի հիմնադրման հանդեսը։ 1815 թվականին ճեմարանն իր դռները բացեց հայ չքավոր ընտանիքներից ելած, բայց ընդունակ առաջին երեսուն աշակերտների առջև, որոնք պետք է ձրի կրթություն ստանային։ Շուտով ճեմարան սկսեցին հաճախել նաև այլազգի երեխաներ։ Այդ տեսակետից Լազարյան ճեմարանը յուրահատուկ երևույթ էր։ Սա այն հազվագյուտ միջնակարգ ուսումնական հաստատություններից էր, որտեղ կողք կողքի, առանց ազգության ու դավանանքի, դասակարգային խտրության, սովորում էին հայեր, ռուսներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ճեմարանում, ուր ընդհանուր ուսուցումը տարվում էր ռուսերեն, բնական և հասարակական գիտություններից բացի, դասավանդվում էին նաև եվրոպական և, հատկապես, արևելյան լեզուներ՝ ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն և, անշուշտ, հայերեն։ Պատահական չէ, որ 1827 թվականին ճեմարանը վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի։ 1829 թվականից ճեմարանին կից գործում էր տպարան, ուր 13 լեզուներով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համար։ Սկսած 1858 թվականին ճեմարանում գործում էր նաև թատրոն, որը բազմաթիվ ներկայացումներ է տվել հայերեն և ռուսերեն։ Ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենց ձեռք բերած գիտելիքները սերմանեցին հայ մատաղ սերնդի մեջ՝ ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայաբնակ այլ վայրերում։ Լազարյան ճեմարանում են կրթվել անվանի բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Վահան Տերյանը, ականավոր գիտնականներ ու գրականագետներ Մկրտիչ Էմինը, Ք. Խալաթյանը, Լ. Մսերյանցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ց. Խանզատյանը, հայտնի մանկավարժ հեղափոխական ու պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը և բազմաթիվ ուրիշ հայ մտավորականներ, որոնք խոշոր ավանդ ներդրեցին հայրենի մշակույթի զարգացման գործում։ Լազարյան ճեմարանը մեծապես նպաստել է արևելյան լեզուների ուսուցման գործին և արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում։ Լազարյան ճեմարանում, հայերի հետ կողք կողքի, դասավանդել են ռուսական մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ։ Ընդամենը մեկ դար գործեց Լազարյան ճեմարանը, բայց պատմական այդ կարճ ժամանակամիջոցում անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի մշակույթի, պատմության, Ռուսաստանում արևելագիտության զարգացման մեջ և հավերժացավ իբրև հայ և ռուս ժողովուրդների հոգևոր բարեկամության հուշարձան։ Այժմ դասի կանչող զանգակը չի ղողանջում, և պատանեկան կենսուրախ ձայներ չեն հնչում նախկին Լազարյան ճեմարանի շենքում, բայց այն մնում է կանգուն և պահպանվում գորովանքով։ 1921-1953 թվականներին ճեմարանի շենքում գործում էր Մոսկվայի հայ մշակույթի տունը։