Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկաթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Iron electrolytic and 1cm3 cube.jpg

Մի քանի հազար տարի է արդեն, ինչ երկաթը հայտնի է մարդուն, բայց նրան ամբողջությամբ ծառայում է ընդամենը հարյուր տարի։ Այդ մետաղն այնքան անհրաժեշտ է դարձել, որ մեր կյանքն առանց նրա հնարավոր չէ պատկերացնել։ Երկաթը մեքենա է ու հաստոց, գնացք ու ինքնաթիռ, ավտոմոբիլ ու խաղալիք, արդուկ ու լվացքի մեքենա... Հնարավոր չէ գտնել մարդուն ավելի անհրաժեշտ մի մետաղ, քան երկաթն է։ Այն ենթարկվում է ցանկացած մշակման՝ կարելի է հալել, ձգել դարձնել մետաղալար, կռել, դրոշմել, կտրել... Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է, գլխավորապես, զանազան նյութերի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած։ Երբ համաձուլվածքում ածխածինը շատ է, երկաթն ամուր է, բայց խիստ փխրուն։ Դա թուջն է։ Եթե ածխածնի քանակը քիչ ավելի պակաս է, մետաղն ավելի ամուր է, ճկուն, առաձգական, բայց դեռևս փխրուն է։ Դա պողպատն է։ Երբ ածխածինն ավելի քիչ է, երկաթը դառնում է փափուկ և հեշտությամբ, առանց կոտրվելու, ճկվում։ Եթե պողպատին ավելացնենք որոշակի նյութեր, կարելի է ստանալ լեգիրված պողպատ, որը չի ժանգոտվում կամ չի կոտրվում, չի վախենում ամենաթեժ կրակից, կամ էլ չի քայքայվում ամենաուժեղ թթուներից։ Բայց երկաթն ունի նաև թերություններ՝ շատ ծանր է և ժանգոտվող։ Եվ կոնստրուկտորներն ավելի հաճախակի են երկաթը փոխարինում ուրիշ, բավականաչափ ամուր, բայց ավելի թեթև նյութերով` ալյումինով, պլաստմասսայով, ապակիով... Սակայն դեռ վաղ է երկաթն «արխիվ հանձնելը»։ Գիտնականները ոչ միայն սովորել են երկաթի այնպիսի տեսակներ ստանալ, որոնք չեն վախենում ժանգից, կրակից, թթուներից, այլև, բացահայտելով ատոմների գաղտնիքը, հասկացել են, թե ինչպես կարելի է վերադասավորել երկաթի ատոմները։ Այդ դեպքում երկաթը տասնապատիկ անգամ ամուր է դառնում։ Եթե պլաստմասսան դառնում է այնպես ամուր, ինչպես երկաթն է, ապա երկաթն էլ կդառնա աշխատանքի համար նույնքան թեթև ու հարմար, ինչպես պլաստմասսան է։ Եվ նրանք ոչ թե կփոխարինեն մեկը մյուսին, այլ միասին կծառայեն մարդուն։