Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եղջերու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
White-tailed deer.jpg

Եղջերուները կենդանիների մի մեծ խումբ են։ Այդ խմբի մեջ մտնում են և՛ հյուսիսային եղջերուն, և՛ Եվրոպայի անտառների բնակիչը այծյամը, և՛ հեռավորարևելյան ու սիբիրական մարալները, և՛ հյուսիսամերիկյան վիրջինյան եղջերուները, և՛ որմզդեղններն ու եղնիկները։ Ամենահետաքրքիրը, թերևս, հյուսիսային եղջերուներն են։ Նրանք հիանալի հարմարվել են դաժան պայմաններում ապրելուն։ Օրինակ, ձմռանը ձյուների միջով քայլելը դժվար է՝ թաղվում ես ձյան մեջ, իսկ հյուսիսային եղջերուները չեն թաղվում, որովհետև նրանց լայն կճղակներն օգնում են ազատ տեղաշարժվելու թե ձյան վրա, թե ճահճուտներում։ Հյուսիսային եղջերուների բուրդը ևս առանձնահատուկ է։ Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը։ Այդ պատճառով էլ նույնիսկ ուժեղ քամու ժամանակ մորթին եղջերուին հուսալիորեն պաշտպանում է ցրտից։ Եղջերուի համար բուրդը նաև «փրկագոտի» է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են։ Բոլոր տեսակի եղջերուների միայն արուներն են, որ եղջյուրներ ունեն, մինչդեռ հյուսիսային եղջերուների թե՛ արուները և թե՛ էգերը եղջյուրներ ունեն։ Եղջերուները միշտ քոչում են հոտերով, որոնք երբեմն շատ մեծ են լինում, հասնում մի քանի հազար գլխի։ Հաճախ ճանապարհին վրա է տալիս բուքը։ Նման դեպքերում հոտն իրար գլխի է հավաքվում, որովհետև այդպես ավելի տաք է։ Հյուսիսի բնակիչները վաղուց են գնահատել եղջերուների հիանալի հատկությունները՝ տաք մորթին, ամուր կաշին, համեղ միսը։ Սակայն հյուսիսային եղջերուներ որսալը հեշտ գործ չէ, որովհետև նրանք շատ զգոն են, զգույշ և արագավազ։ Հյուսիսային ժողովուրդները վաղուց ի վեր ընտանի եղջերուներ են բուծում, և նրանք հյուսիսի բնակիչների համար փոխարինում են թե՛ ոչխարին, թե՛ կովին ու ձիուն։ Մինչև վերջերս Հյուսիսում եղջերուների և շների սահնակները միակ փոխադրամիջոցն էին։ Թեթև սահնակին լծված զույգ եղջերուները կարող են վազել ժամում 10 կմ արագությամբ և փոխադրել 100 կգ բեռ։ Ընտանի հյուսիսային եղջերուն տարին բոլոր արածում է բաց երկնքի տակ և կարիք չունի, որ մարդը կերակրի կամ ծածկի տակ առնի նրան։ Հյուսիսային եղջերուները սնվում են եղջերվամամուռով։ Ձմռանը նրանք ուժեղ, լայն կճղակներով կերը փորում հանում են ձյան տակից։ Տաք մորթուց, ամուր կաշվից և համեղ մսից բացի, գնահատվում են նաև որոշ տեսակի եղջերուների չոսկրացած եղջյուրները՝ պանտերը։ Դրանցից ստանում են արժեքավոր դեղանյութ։