Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գորշուկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
'Honey' the badger.jpg

Այս գազանը շատ զգույշ է։ Նա որսի է դուրս գալիս գիշերը։ Այդ պատճառով էլ, եթե, նույնիսկ, ամռանը խիտ անտառում, զառիկող բլրին գորշուկի բույն հայտնաբերեք, նրան հեշտությամբ չեք տեսնի։ Նախքան բույնը թողնելը նա զգուշորեն դուրս է նայում, ականջ դնում, հոտոտում և, եթե թեկուզ փոքր-ինչ կասկածելի բան է զգում, նորից թաքնվում է։ Եվ հավաստիանալուց հետո միայն, որ շուրջն ամեն ինչ խաղաղ է, նա դուրս է գալիս բնից։ Գորշուկի գետնափոր բները խորն են, շատ ճյուղավորումներով և անցքերով։ Բացի դրանից, ամեն տարի նա նոր անցքեր է փորում։ Գորշուկը բնում է անցկացնում նաև ձմեռը, խոտ է հավաքում, ներսից փակում մուտքը և քուն մտնում, ճիշտ է, գորշուկը խորը չի քնում, նրա մարմնի ջերմաստիճանը չի իջնում: Երբեմն, հատկապես ձնհալքի ժամանակ, նա արթնանում է և դուրս գալիս բնից, այն էլ, հիմնականում, ցերեկը։ Ահա հենց այդտեղ էլ կարելի է, ինչպես հարկն է, զննել նրան։

Գորշուկը բավականին խոշոր, մինչև 90 սմ երկարությամբ (իսկ պոչի հետ մեկ մետրից ավելի), արծաթամոխրագույն կոշտ մազերով գազան է։ Քթից դեպի ծոծրակը ձգվում են դեղնասպիտակ շերտեր, իսկ աչքերի և ականջների վրայով մի սև շերտ։ Փափուկ ձյան վրա լավ երևում են նրա ամուր մագիլներով ուժեղ թաթերի հետքերը։ Այդ թաթերով նա բներ է փորում, հմտորեն հողից արմտիք հանում, նաև պաշտպանվում է։ Գորշուկն, ինքը խաղաղասեր կենդանի է և ոչ մեկի վրա չի հարձակվում։

Ձյան վրա մի քիչ զբոսնելուց հետո գորշուկը դարձյալ քնելու է գնում։ Գարնանը դուրս գալով բնից, նա անմիջապես գործի է անցնում։ Նախ, պետք է մի լավ ուտել, ձմեռվա ընթացքում շատ է նիհարել, երկրորդ՝ պետք է փոխել կացարանի ցամքարը, կամ նոր բույն փորել։ Հետո ծնվում են գորշուկի ձագուկները, որոնք սովորաբար երեքից հինգն են լինում։ Մայր գորշուկը շատ հոգատար է կույր ձագուկներին, նա ամեն օր արևի է դուրս բերում։ Իսկ հայր գորշուկը խնամքով մաքրում հավաքում է կացարանը ամառվա ընթացքում, մի քանի անգամ փոխում ցամքարը։

Աշնան մոտերքին ընտանիքի բոլոր «անդամները» հոգում են գիրանալու մասին՝ նախապատրաստվելով ձմռանը։ Չնայած թվացող ծանրաշարժությանը՝ գորշուկները ճարպկորեն որսում են կրծողներ, գորտեր, մողեսներ, հողի տակից փորում հանում են որդեր: Գորշուկներն առանձնապես օգտակար են նրանով, որ մայիսյան բզեզների բազմաթիվ թրթուրներ են ոչնչացնում։

Ցրտերն ընկնելուն մոտ գորշուկն արդեն այնքան ճարպ է կուտակած լինում, որ այն կազմում է նրա քաշի մեկ երրորդ մասը։ Այժմ կարելի է և հանգիստ պառկել ու քուն մտնել, մինչև հաջորդ գարուն, երբ նա նորից կսկսի իր «եռուն» գործունեությունը:

Գորշուկի ձագուկները ձմեռում են ծնողների հետ միասին: Իսկ գարնանն արդեն սկսում են իրենց ինքնուրույն կյանքը։